Այդ թվիթն արդեն ջնջվել է, ցնծություն չկա, դա Գերագույն ռադայի դիրքորոշումը չէ. Ավտոնոմովը՝ Գերագույն ռադայի սկանդալային թվիթերյան գրառման մասին
Պաշտոնական Երևանի ու Կիևի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում: Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական թվիթերյան էջը ողջունել էր Ադրբեջանի նախաձեռնած ահաբեկչական գործողություններն Արցախում, որի հետևանքով արցախաադրբեջանական հետպատերազմյան շփման գիծը հերթական անգամ խախտվել էր՝ հօգուտ Ադրբեջանի:
Ռադայի համացանցային տվյալ գրառումը ներկայացնում ենք լուսանկարով: Ուկրաինայում արդեն մեկ ամսից ավելի շարունակվող ծանր պատերազմի ու Հայաստանի միջազգային հարթակներում չեզոքության ֆոնին ծայրաստիճան բացասական է ընկալվել հայաստանյան փորձագիտական ու համացանցային շրջանակներում, հնչում են կոչեր՝ ուղղված ՀՀ ԱԳՆ-ին՝ կապ հաստատել Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ այս հարցով դիրքորոշում հայտնելու նպատակով:
168.am-ը կապ հաստատեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովի հետ՝ խնդրելով պարզաբանել Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան գրառումը և ներկայացնել Ուկրաինայի դիրքորոշումը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան էջի միջոցով արտահայտած ցնծությունն Ադրբեջանի քայլերի առնչությամբ, Ավտոնոմովը արձագանքեց՝ առաջին հերթին այդ թվիթն արդեն ջնջվել է: «Դա, իհարկե, խորհրդարանի պաշտոնական թվիթերյան էջն է, բայց այնուամենայնիվ ես չեմ տեսնում ուրախություն ու ցնծություն այս առնչությամբ: Ես չեմ կարծում, որ պառլամենտի պաշտոնական թվիթերյան էջն արտացոլում է ուկրաինական պետության դիրքորոշումն ընդհանուր առմամբ»,- նկատեց նա:
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն ասաց նաև, որ այդ հարցով խորհրդարանի որոշում չի եղել: Իսկ թե ով է տեղադրում, հետո ջնջում նման հաղորդագրություններ, նա դժվարացավ ասել:
«Դա Գերագույն ռադայի դիրքորոշումը չէ, որևէ որոշում այդ առնչությամբ չի եղել»,- նշեց ուկրաինացի դիվանագետը: Հարցին, թե որն է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Արցախում, Դենիս Ավտոնոմովն ընդգծեց, որ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականության հարցի վերաբերյալ հանրահայտ է, և անկախության տարիների ընթացքում այն մնում է անփոփոխ:
«Ուկրաինայի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին կա, ինչո՞ւ ենք մենք աջակցում այլ երկրների տարածքային ամբողջականությանը, Դուք կարող եք տեսնել ինքներդ մեր երկրի դեմ Ռուսաստանի սկսած ռազմական ագրեսիայի օրինակով»,- ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը: 168.am-ն այս հարցով փորձեց նաև կապ հաստատել ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ, ով չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն իր արտաքին քաղաքականության ամենաբարդ փուլում բոլոր միջազգային հարթակներում պահպանել է չեզոքություն, քվեարկել է ձեռնպահ, չաջակցելով իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ինչը նաև բարձր է գնահատել իր հանրային ելույթներում ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը: