Բնակարանային գողություն կատարած անձը ձերբակալվել է
Մարտի 18-ին ոստիկանություն էր զանգել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մի բնակիչ և հայտնել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կոտրել են աներոջ՝ Լուսահովիտ գյուղի տան դռան փականը և գողացել կենցաղային իրեր:
Լուսահովիտ մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը տանտիրուհուց ընդունեց հաղորդում: Բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկած քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո Իջևան քաղաքի Աբովյան փողոցից բերման ենթարկեցին նույն գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու: Րոպեներ անց Խաշթառակ գյուղի իր տանը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց նաև նրա 36-ամյա հանցակիցը:
Նրանք խոստովանել են, որ մարտի 17-ի ցերեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը կոտրել ու գողություն են արել։ Նաև հավելել են, որ գողոնի մի մասը վաճառել են, մնացածն էլ՝ պահել:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Տղամարդիկ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն. նրանցից մեկը ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: