Բաժիններ՝

Տարվա առաջին հանդիպումը․ Հայաստան-Չեռնոգորիա

Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլային տարին սկսում է Չեռնոգորիայի ընտրանու հետ ընկերական խաղով։ Խաղը տեղի կունենա այսօր՝ 20։00-ին Հանրապետական մարզադաշտում։ Այս շրջանում հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ։

Հայաստանի հավաքականը վստահ հանդես եկավ Ազգերի լիգայում, որտեղ թիմը առաջ անցավ Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից և Էստոնիայից, որոնք բերեցին B լիգայի ուղեգիր՝ երկրորդ ուժեղագույնն այս մրցաշարում։

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Խոակին Կապարոսի սաները տասը տուրերում գրանցեցին երեք հաղթանակ և երեք ոչ-ոքի, ինչը համապատասխանում է 12 միավորին և մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականին։ Վերջին երեք տուրերում այսօրվա տանտերերը պարտություն կրեցին՝ վերջին խաղում պարտվելով Գերմանիայի հավաքականին (1:4):

Չեռնոգորիայի հավաքականին նույնպես հաջողվեց անցնել Ազգերի լիգայի մրցաշարի B լիգա. վերջին վիճակահանության վեց տուրերում Բալկանյան թիմը տարավ չորս հաղթանակ և առաջ անցավ Լյուքսեմբուրգի, Ադրբեջանի և Կիպրոսի թիմերից:

Կատարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում Միոդրագ Ռադուլովիչի սաները խմբում գրավեցին միայն չորրորդ տեղը և հերթական անգամ չկարողացան նվաճել Մունդիալի ուղեգիր։ Հոլանդիայի հետ ոչ-ոքիից հետո (2:2) հյուրերը պարտվեցին Թուրքիային (1:2):

Այս հանդիպումը կլինի առաջինը Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականի հեռանալու որոշում կայացնելուց հետո։ Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշում է, որ սա Հենրիխի անձնական որոշումն է։

«Մենք բոլորս գիտակցում ենք նրա տաղանդը և հասկանում ենք, թե նա ինչ նշանակություն է ունեցել ազգային հավաքականի համար: Հենոն իր տունը ունի, և դա ֆուտբոլի ֆեդերացիան է: Նման իրավիճակներ շատ եմ տեսել իմ երկրում, Իսպանիայի հավաքականի պարագայում, որտեղ աշխարհի բազմաթիվ չեմպիոններ էին հանդես գալիս՝ Պույոլը, Ինյեստան, Չավին: Եկավ մի պահ, երբ այս բոլոր ֆուտբոլիստները պետք է որոշում կայացնեին և հեռանային ազգային հավաքականից:

Բնականաբար, Հենոն հայկական ֆուտբոլի դրոշակակիրն, է և ինձ համար ճոխություն էր նրա հետ աշխատելը: Ի՞նչ ենք անելու առանց Հենոյի: Մենք արդեն փորձ ունենք առանց Մխիթարյանի հանդիպումներ անցկացնելու: Ամենակարևորն այս պարագայում այն է, որ թիմը շարունակի աճ գրանցել և առաջադիմել իր խաղային որակներով,-նախախաղային ասուլիսին նշել է մարզիչը։

Հավաքականի մարզիչը նշել է նաև, որ Հենրիխ Մխիթարյանից հետո հավաքականի ավագը կարող է լինել Վարազդատ Հարոյանը, Գևորգ Ղազարյանը կամ Արտակ Գրիգորյանը:

Այս խաղին բացակայելու են նաև Սարգիս Ադամյանը և Լուկաս Սելարայանը։ Լրագրողները և երկրպագուները կասկած են հայտնել, որ Ադայանը և Սելարայանը ձևացրել են իրենց վնասվածքները։ Խոակին Կապառոսը համաձայն չէ այս տեսակետի հետ։ «Նրանց ակումբներից արդեն ստացել ենք համապատասխան վկայությունները, որ նրանք իրոք վնասվածք ունեն: Նրանց հետ էլ ենք զրուցել, նրանց բժիշկների հետ էլ: Ցանկանում եմ, որ հնարավորինս շուտ վերականգնվեն: Շատ կուզեի, որ արդեն մյուս մրցափուլում սկսեին խաղալ:

Դուք բոլորդ ճանաչում եք Սարգիս Ադամյանին, նա շատ նվիրված է ազգային հավաքականին և շատ ջերմ հարաբերություններ ունի թիմակիցների հետ: Լուկասը ևս նվիրված է և շատ մեծ ցանկություն և խանդավառութուն ունի հետագայում խաղալու հավաքականի կազմում»։

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշում է, որ իրենց նպատակն է նպաստել երիտասարդ ֆուտբոլիստների աճին, որ հետագայում նրանք մրցունակ լինեն միջազգային ասպարեզում:

«Մենք հետևում ենք այդ ֆուտբոլիստների ելույթներին մեր ազգային առաջնությունում, օրինակ ԲԿՄԱ-ն, որը VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում է հանդես գալիս: Այդ տղաներն աչքի են ընկնում իրենց թիմերում, և կարծում ենք, որ կարող են ապագայում և նաև մոտ ապագայում օգտակար լինել թիմին:

Ֆեդերացիան ծրագիր է մշակում, որի շրջանակում մենք աշխատում ենք բավականին երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Եվ պետք է շնորհակալություն հայտնենք ակումբներին, որոնք մեզ տրամադրում են այդ տաղանդավոր տղաներին, որոնց հետ աշխատում ենք: Մենք այդ բոլոր տղաների հետ անհատական աշխատանք ենք կատարում՝ կապված ֆիզիկական պատրաստվածության հետ, ինչպես նաև սննդակարգի հետ կապված, որովհետև մենք այդ տաղանդավոր տղաների կարիքն ունենք: Այսօր 2 հոգի են ընդգրկվել ազգային հավաքականում, սակայն այն տղաները, որոնց հետ աշխատում ենք, հետագայում, եթե համապատասխան աճ գրանցեն, ապա ևս կընդգրկվեն հավաքականի կազմում: Սա շատ լավ նախագիծ է, որն իրագործվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից»,-նշել է Խոակին Կապառոսը։

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը ունի հետևյալ տեսքը՝ Դավիթ Յուրչենկո, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Ժիրայր Մարգարյան, Արտակ Գրգորյան, Արման Հովհաննիսյան, Խորեն Բայրամյան, Էդուարդ Սպերցյան, Արտուր Սերոբյան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Արման Ներսեսյան, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան, Դավիթ Տերտերյան, Հենրի Ավագյան, Սոլոմոն Ուդո, Էրիկ Վարդանյան, Ժորդի Արարատ, Արտյոմ Ավանեսյան, Ստյոպա Մկրտչյան, Արթուր Միրանյան, Վահան Բիչախչյան։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս