«Վիճակն արդեն լուրջ է». Խրամորթի գյուղապետ

Արցախի տեղեկատվական շտաբը քիչ առաջ հայտնեց, որ այսօր  ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

«Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»,- նշված էր տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ հարցի չի կարող պատասխանել, քանի որ վիճակը լուրջ է։

«Ես չեմ կարող հարցի պատասխանել, վիճակն արդեն լուրջ է, ես չեմ կարող այս ամենից կտրվել՝ հարցերի պատասխանել, ներողություն եմ խնդրում ձեզանից»,- կարճ ասաց Խրամորթի գյուղապետը և հեռախոսն անջատեց։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, թշնամին Արցախում տարբեր սադրանքների է դիմում, նախ՝ բարձրախոսով ահաբեկում է բնակչությանը, որպեսզի լքեն իրենց գյուղերը, հակառակ դեպքում կմտնեն և կսպանեն բոլորին, կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, այնուհետև գազատարի խողովակը վնասելով՝ ամբողջ Արցախը զրկել են գազից։

Ի դեպ, հիշեցնենք, որ երեկ Ասկերանի շրջանի նախկին վարչական ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե թշնամին հանկարծ տիրանա Քարագլխի բարձունքին, Արցախի անվտանգությունը լրջագույնս կխարխլվի։

«Քարագլխին՝ որպես ռազմավարական, գերիշխող բարձունքի, վստահորեն կարելի է տալ 2-րդ Շուշի անվանումը։
Երբեք, ոչ մի պարագայում թույլ չենք տա»,- գրել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս