Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է աշխատանքը
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ արաբկիրցիներ, դադարեցնում եմ աշխատանքս Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Գրեթե երեքուկես տարի տևած աշխատանքային գործունեությանս ընթացքում ձգտել եմ անել ամեն ինչ՝ ի շահ Երևան համայնքի և երևանցու: Ուրախ եմ, որ կարողացել եմ կոնկրետ օրինակներով պաշտպանել հանրային շահը և կյանքի կոչել տասնամյակներ շարունակ չիրականացված կարևորագույն նախագծեր:
Հուսով եմ մեր ներդրած ջանքերի պտուղները քաղելու հնարավորություն կունենաք նաև իմ պաշտոնավարման ավարտից հետո: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները ստանձնելու առաջին օրվանից աշխատանքիս վերաբերվել եմ որպես հայրենիքիս ծառայելու հնարավորություն, որն իրացրել եմ մեծագույն նվիրումով: Շնորհակալ եմ այդ հնարավորությունն ինձ ընձեռելու համար։
Միասին տեսել ենք նաև ծանր ժամանակներ՝ համավարակ, պատերազմ, ճգնաժամային իրավիճակներ, միաժամանակ փորձել ենք առաջ շարժվել՝ արձանագրելով էական հաջողություններ: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, իմ աշխատակազմին, մեզ հետ համագործակցած բոլոր կառույցներին, Երևանի ավագանու անդամներին։ Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին բարձր վստահության համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարել են ինձ՝ իմ ծրագրերի իրականացման գործում: Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ արաբկիրցիներ, որ հավատացել ու վստահել եք ինձ»։