«Վստահ ենք, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է կարգավորեն հարաբերությունները և բացեն սահմանները». Արարատ Միրզոյան

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան իրեն ուղղված հարցին՝ անդրադարձավ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպումների մանրամասներին, գործընթացից հնարավոր սպասումներին, ինչպես ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման տեղին և ժամանակին։

«Հիմա հետահայաց նայելով, կարծում եմ՝ մեր որոշումը՝ այդ ֆորումին մասնակցել ԱԳ նախարարի մակարդակով, ճիշտ որոշում էր, և ինչպես մինչ այդ հրապարակավ, ինչպես կոնկրետ տեղում հանդիպման ընթացքում, այնպես էլ հիմա վստահ ենք, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է և արժե, որ նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները և բացեն սահմանները։ Կարծում եմ՝ այս գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ։ Անշուշտ, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց երկու կողմերն էլ ևս մեկ անգամ վերահստատեցին, որ շարունակում են գործընթացը՝ առանց նախապայմանների, նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները։ Մի փոքր տեմպի առումով, որոշակի տարբերություններ կան, բայց ընդհանուր, առնվազն վերբալ մակարդակում երկու կողմերն էլ հաստատում են, որ նպատակը, վերջնարդյունքը հենց սահմանների բացումն է»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ այդ կոնտեքստում ընթացիկ խնդիրներ ևս քննարկել են։

Ինչ վերաբերում է Չավուշօղլուի հետ իր հանդիպմանը, լայն ժպիտին և թուրք գործընկերոջ փողկապի բացակայությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ այդ հարցերը հայկական մեդիա տիրույթում և սոցիալական ցանցերում շատ են քննարկվել։

«Առհասարակ այդ ֆորումը առանց փողկապների ֆորմատ էր հայտարարված, տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ նախարարների մի մասը կրում էին, մի մասը՝ ոչ։ Ինչ վերաբերում է ժպիտին, ապա թեման շատ չարչրկվեց, բայց այդուհանդերձ ասեմ, որ եթե ես իմանամ, որ իմ ժպիտը կարող է գեթ մեկ զինվորի կյանք փրկել, ապա ես կրկին կժպտամ ու կժպտամ»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս