«Եթե շուկայում վաճառվող լոլիկը դրսից է բերվում, հիմնականում քիմիական նյութերով է աճեցվում»
«Հայաստանում տեղական մշակաբույսեր չեն աճեցնում, քանի որ բերքատվությունը ցածր է, շուտ հիվանդանում են, իսկ ծախսերը շատ են: Խոսքը սնկային, բակտերիալ հիվանդությունների մասին է և ոչ ցեցի»,- ասաց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։
«Առաջ գազի գինը կոպեկ էր, իսկ հիմա բարդ է: Մենք ուզում ենք օրգանական մթերք արտադրել, ուստի մտածում ենք փորձնական էկոջերմոց սարքել. այդ դեպքում ոչ սունկ է զարգանում, ոչ բակտերիա: Հիվանդություններ չեն լինում, սրսկել պետք չի, և կստանանք ուժեղ, չհիվանդացող, առողջ բույս: Դա թանկ կլինի ու հիմնականում դուրս ենք արտահանելու: Կա լոլիկի 1-ին, 2-րդ, 3-րդ սորտ՝ կախված մեծությունից, իսկ վերջին 2 սորտերը կարող ենք տեղական շուկայում ավելի էժան գնով վաճառել: Հիմա շուկայում վաճառվող լոլիկը եթե դրսից է բերվում, հիմնականում քիմիական նյութերով է աճեցվում, իսկ հայկականը հողի մեջ է աճեցվում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահը:
Պողոս Գևորգյանը հայտնեց, որ օրգանական մթերք արտադրելու, գազի գինն իջեցնելու համար սպասում են Էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպմանը:
«Դեռ չի ստացվել հանդիպել, սակայն անհամբեր սպասում ենք այդ օրվան: Մինչև հոկտեմբեր պետք է հարցին լուծում գտնվի»,- նկատեց Հայաստանի Ջերմոցային ասոցիացիայի նախագահը:
Հանդիպման ընթացքում ասոցիացիայի ներկայացուցիչները կառավարությանը կներկայացնեն մի քանի առաջարկ՝ բարձրացնել Հայաստան ներկրվող գյուղմթերքի մաքսատուրքերը, սուբսիդավորել ջերմատների գազի սպառման վարձավճարները։
Հիշեցնենք, որ գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։ ՀԾԿՀ-ի որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ` 1խմ-ի դիմաց` 100 դրամ/1000 խմ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Բնակչությանը մնացած հատվածի համար գազի 1 խմ-ն կթանկանա 4․7 դրամով՝ ներկայիս 139 դրամի փոխարեն՝ դառնալով 143.7 դրամ։
Հանձնաժողովի որոշմամբ, որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը նրանք 1000 խմ-ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 խմ-ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսությունները կվճարեն ՀՀ շարքային սպառողների պես` 1 խմ-ն 143.7 դրամ սակագնով։