
«Երբ գազը չլինի, մենք ինչ-որ բանով պետք է տաքանանք, բայց սա չի նշանակում, որ գազատարը չպետք է վերականգնվի». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր, թե՝ «մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետությունն արդեն երկրորդ անգամ զրկվել է գազամատակարարումից:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում, նախորդ հնչեցրած մտքերի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն, Անդրանիկ Քոչարյանն ինքը հարցրեց. «Ինչո՞ւ մենք այդպես չենք ապրել, դուք մոռացե՞լ եք, շատ փոքր եք եղե՞լ։ 90-ականներին մենք ապրել ենք… երբ գազը չլինի, մենք ինչ-որ բանով պետք է տաքանանք, բայց սա չի նշանակում, որ գազատարը չպետք է վերականգնվի։ Գազատարը հիմա իրենց վերահսկողության տակ է։
Ես իմ հարցազրույցում ասել եմ, որ պետք է ցանկացած իրավիճակում կարողանաք ապրել, ապրելով՝ ստեղծագործել, ստեղծագործելով՝ միասնական լինել ու դուրս գալ այս իրավիճակից, բայց դա չեք կարող հասկանալ»,- վերջերս իր արտահայտած բոլոր մտքերին համապարփակ պարզաբանում տվեց Անդրանիկ Քոչարյանը: