Վարդենյաց լեռնանցքում արդեն ապահովված է Մարտունի-Գետափ ճանապարհի անցանելիությունը
Վարդենյաց լեռնանցքում Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները 2022 թվականի մարտի 23-ի ժամը 16-ի դրությամբ մոտենում են ավարտին, եւ առատ ձյան ու բքերի հետեւանքով փակված ճանապարհն արդեն դառնում է անցանելի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ կցորդիչով ավտոմեքենաների։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճանապարհի սպասարկման պատասխանատու, «Շանթ-Սեյրան» ՍՊԸ ինժեներ Սարենց Սողոյանը, ճանապարհի մաքրման աշխատանքները մեկնարկել են մարտի 23-ին, ժամը 16:00-ից, այն ժամանակ, երբ դադարել են սաստիկ բքերը եւ ձյան տեղումները։
«Բուքը փակել էր ճանապարհը շուրջ 20 կիլոմետր երկարությամբ։ Ձյան բարձրությունը հասնում է 1,20-ից մինչեւ 3 մետրի։ Գործի է դրվել 3 միավոր տեխնիկա։ Ճանապարհի անցանելիությունն ապահովված է, այժմ կատարվում են լայնացման աշխատանքներ։ Մնում է հուսալ, որ եղանակը մեզ նոր անակնկալներ չի մատուցի»,-ներկայացրեց Սարենց Սողոյանը։
Խոսրով Խլղաթյան