Ռումինիայում ՀՀ դեսպանությունը օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը արտակարգ ռեժիմով օգնություն է ցուցաբերում աջակցության կարիք ունեցող Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռումինիայում ՀՀ-ի դեսպանությութնը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Ռումինիայի՝ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը սահմանամերձ Բոտոշան քաղաքում գործում է Ռումինիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հյուպատոսական կետը: Բացման պահից ի վեր հյուպատոսական կետը անհրաժեշտ օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերել հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի:
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի պատկան մարմինների հետ, ինչի շնորհիվ օպերատիվ և իրավաչափ կերպով կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Ռումինիա, ինչպես նաև՝ վերադարձը հայրենիք:
Դեսպանությունը և Բոտոշանում գործող հյուպատոսական կետը շուրջօրյա ռեժիմով պատասխանում են գրանցված հեռախոսազանգերին:
Մեր հայրենակիցներին հումանիտար աջակցություն է ցուցաբերվում ինչպես այլազգի կամավորների, այնպես էլ Ռումինիայում, մասնավորապես՝ Ուկրաինային հարակից Բոտոշան, Բայա-Մարե, Յաշ և Սուչավա, Տուլչայի մարզերում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների օգնությամբ։