Կրեմլը մեկնաբանել է հնարավոր փոխզիջումների շուրջ Ուկրաինայում հանրաքվե անցկացնելու Զելենսկու առաջարկը
Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր փոխզիջումային համաձայնությունների շուրջ Ուկրաինայում հանրաքվե անցկացնելու մասին նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան չի հրապարակելու ռուս-ուկրաինական բանակցությունների փաստաթղթերը, որտեղ շարադրված է Ռուսաստանի դիրքորոշումը: Բայց նաև հավելել է, որ ներպետական գործընթացներ Ուկրաինայում կարող են և պետք է լինեն:
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և ինչ-որ ներպետական ընթացակարգեր կարող են և պետք է լինեն», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում վերաբերվում Զելենսկու այն գաղափարին, որ Ռուսաստանի հետ հնարավոր կոմպրոմիսային պայմանավորվածությունները պետք է դրվեն հանրաքվեի Ուկրաինայում:
«Բայց դրա հետ մեկտեղ կա երկու պատվիրակությունների միջև բանակցությունների որոշակի նյութ: Ես չեմ կարող միջամտել դրանց մանրամասներին: Մենք համոզված ենք, որ տվյալ պահին դրանց հրապարակումը միայն վնասելու է բանակցային գործընթացին, որն առանց այդ էլ շատ ավելի դանդաղ է ընթանում ու պակաս բովանդակալից է, քան մենք կցանկանայինք», – հավելել է Պուտինի մամուլի խոսնակը:
Ի պատասխան ճշտող հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Ուկրաինայում նման հանրաքվեի անցկացմանը, եթե այն տեղի ունենա պատվիրակությունների կողմից առաջարկների փաթեթ կազմելուց հետո, Պեսկովն ասել է, որ դա նաև «կապված է մի շարք պարամետրերի հետ, որոնք կարող են և պետք է քննարկվեն բանակցող թիմերի կողմից»: