Սա կործանեց 3-րդ հանրապետությունը. Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սա կործանեց 3-րդ հանրապետությունը.
Մաս 4.
Հայրենիք չզգալը.
Գյումրեցիների ու վանաձորցիների 90%-ը երբեք չի եղել Մեղրիում, մեղրեցիների 90%-ը երբեք չի եղել Գյումրիում ու Վանաձորում: Արթիկցիների ու մարալիկցիների 90%-ը երբեք չի եղել Կապանում ու Շուշիում: Կապանցիների ու շուշեցիների 90%-ը երբեք չի եղել Ալավերդիում: Երևացիների 70%-ի համար Հայաստանը Էջմիածին, Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան, Իջևան, Գառնի-Գեղարդ հատվածն է:
Լավ, Տաթևի վանքն էլ: Հայ ազգի 95 %-ը ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ:
Հայայստանցին չունի ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ: Նա չի ճանաչում իր հայրենիքը, չգիտի որտեղ է սկսվում և ավարտվում իր պետությունը, չգիտի իր երկրի առանձնահատկությունները, չի պատկերացնում որտեղով են անցնում իր պետության սահմանները:
Շիրակցի, կամ լոռեցի ծնողը առաջին անգամ առընչվել է Արցախի հետ, երբ իր 18 ամյա որդուն զորակոչել են Արցախ, այն էլ ոչ ամենատեսարժան վայր համարվող մի զորամաս: Արցախի մասին իրենց պատկերացումը սկսվել ու ավարտվել է որդու 2 տարիների դժվար ծառայության և իրենց, որպես ծնող անհանգստությունների ու սոցիալական խնդիրներ հաղթահարելու հետ: Իսկ եթե ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ստեղծման օրվանից ի վեր 6-րդ դասարանցիներին մեկ գիշերակացով Գյումրիից տաներ Շուշի, ստեփանակերտցի 6-րդ դասարանցիներին մեկ գիշերակացով տաներ Վանաձոր, 4-5 տարվա ընթացքում դպրոցահասակներին ծանոթացներ իր Հայրենիքի ամենահեռավոր տեղերին ու այդպես տարիներ շարունակ բոլորին կապեր բոլորի հետ, մեծացող սերունդի մոտ ձևավորեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, պատանեկան տարիքից մարդկանց մոտ ստեղծեր իր Հայրենիքի տարբեր մասերի հետ անմոռանալի հիշողություններ, այսօր Սև լճի զավթման մասին անհանգստացողների քանակը կհասներ հարյուր հազարների: Եթե մարդը ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ Արցախում, Սև լճի մոտ, Տիգրանակերտում և այլն, ապա նույնիսկ զուտ էմոցիոնալ առումով նրան ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՊՈՒՄ այդ տեղերի հետ: Սրա մասին պետք է մտածեին ու մտածեն բոլոր ժամանակների պետական այրերը, ԲԱՅՑ…
Հայաստանցին այսօր ՉՈՒՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, չգիտի իր երկիրը, չի ճանաչում իր հայրենակիցներին: Իր համար Լուսինը ավելի ճանաչելի է, քան Սիսիանը, քանզի Լուսինը ամեն գիշեր տեսնում է, իսկ Սիսիանը երբեք չի տեսել:
#3րդ_հանրապետության_վախճանը»։