«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ամբողջական իրավիճակին չի տիրապետում». Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում հրավիրել էր փակ քննարկման՝ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի ու Արցախի հարցի վերաբերյալ։

Քննարկումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փակ քննարկումն իրեն ոչինչ չտվեց։

«Շատ հարցերում իշխանությունը կրավորական կեցվածք է պահում, և շատ հարցերում պարզապես գործնական քայլեր չեն իրականացնում։ Ի վերջո, հանրագումարը հայտարարության նախագիծն էր, որը դրված է շրջանառության մեջ։ Չկա որևէ կետ, որը վիճահարույց լիներ, բայց քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ հիմա Ադրբեջանին ու Թուրքիային չպետք է զայրացնել իրենց երազած խաղաղության դարաշրջանը կառուցելու համար։ Սակայն կյանքը ցույց է տվել, որ մարդ, որը պատրաստ չէ պայքարի, միշտ զիջումների է գնում, այնպես, ինչպես հիմա է տեղի ունենում։ Մեկ-երկու դրվագ է գաղտնի բան եղել, մնացածը գրեթե հանրությանը հայտնի է։ Բանակցային բուն գործընթացից, առաջարկներից, Ադրբեջանի հինգ կետերի վերաբերյալ որևէ փակագիծ չի բացվել»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է  Արցախի կարգավիճակին, Գեղամ Մանուկյանը փոխանցեց՝ ինչ տեղի էր ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, և ինչ հարցերի պատասխանել էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, նույն պատասխանները տվել է նաև փակ նիստի ժամանակ։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ հնարավոր է՝ ապրիլին որևէ փաստաթուղթ ստորագրվի, Գեղամ Մանուկյանն ասաց, որ որևէ փաստաթղթի մասին խոսք չի եղել։

«Գազի վերաբերյալ հետաքրքրվեցինք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, անձնապես ես սարսափելի հիասթափված եմ, որովհետև չեմ պատկերացնում՝ Հայաստանի փոխվարչապետը, որը հայկական կողմից Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում, կոմունիկացիաների և այլնի վերաբերյալ՝ ամբողջական իրավիճակին չի տիրապետում։ Մհեր Գրիգորյանն իրավիճակին չէր տիրապետում»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս