Արմեն Խաչատրյանը հանգչում է Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում` իր եղբոր` Արտակ Խաչատրյանի կողքին
2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:
Արմեն Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1997թ. հուլիսի 10-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։
Հաճախել է Իվանյանի միջնակարգ դպրոցը։ 2012-ին Արմեն Խաչատրյանը ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, իսկ 2015-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային ֆակուլտետը:
«2019-ին, ավարտելով ռազմական համալսարանը, որդիս սկսեց իր անձնվեր ծառայությունը հայրենիքին։ Ստանալով լեյտենանտի կոչում, անցավ ծառայության Մատաղիսի զորամասում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար։ Խստապահանջ հրամանատար լինելով հանդերձ՝ Արմենը մեծ սեր և հարգանք էր վայելում թե՛ զինվորների, թե՛ սպայական անձնակազմի շրջանում։ Նա ընկեր էր իր զինվորի համար. առաջին հերթին ամեն ինչ անում էր զինվորի, հետո նոր իր համար։ 2020թ. պատերազմի հենց առաջին րոպեներից որդիս արդեն դիրքերում էր՝ ոչ մի վայրկյան մենակ չթողնելով իր զինվորներին: Իր ստորաբաժանման հետ միասին շատ մարտերի է մասնակցել։ Հայտնվելով շրջափակման մեջ` կազմակերպել է ամուր դիմադրություն և հետ մղել թշնամուն։
Իր անմնացորդ դերն է ունեցել բազմաթիվ հատուկ մարտական առաջադրանքների ժամանակ։ Ջախջախել է թշնամու հատուկ ստորաբաժանումը՝ ոչնչացնելով մեծաքանակ կենդանի ուժ։ Ավաղ, հոկտեմբերի 10-ի գիշերը, հերթական հատուկ մարտական առաջադրանքը կատարելիս Արմենը ստացավ մահացու բեկորային վնասվածքներ և նահատակվեց քաջի մահով։ Նա հավատարիմ մնաց իր երդմանը և հանուն հայրենիքի չխնայեց կյանքը։ Նրան գտանք զոհվելուց օրեր անց՝ հոկտեմբերի 18-ին։
Հերոսս հանգչում է Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում` իր եղբոր` Արտակ Խաչատրյանի կողքին։ Որդիս ապագայի հետ կապված շատ երազանքներ ուներ, սակայն պատերազմը խլեց այդ ամենը։ Բարի, համեստ, բարետես և անսահման սրտացավ էր Արմենը` մեր ընտանիքի ճրագը», – «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենիքի նվիրյալի մայրը՝ Սրբուհին:
Արմեն Ավետիսի Խաչատրյանն իր քաջության, անմնացորդ նվիրումի և սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։