Բաժիններ՝

Մահացել է նկարիչ Էդուարդ Առաքելյանը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Առաքելյանը:

Հայաստանի նկարիչների միությունը, որը տարածել է հաղորդագրությունը, իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Էդուարդ Առաքելյանը ծնվել է 1950 թվականին Լենինականում։ Սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1966 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, այնուհետև ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժին։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1978-1998 թվականներին դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1981 թվականից ընդգրկվել է հայ երիտասարդ նկարիչների միությունում։ «Սպիտակ վարդեր» ստեղծագործությունով 1988 թվականին Լեհաստանում մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1991 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ։ 1994 թվականին երկու ամսով բնակվել և ստեղծագործել է Շվեդիայում։

Ստեղծագործությունները գտնվում են Ավստրալիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Կանադայի, ԱՄՆ մասնավոր հավաքածուներում, ԽՍՀՄ և եվրոպական մի շարք թանգարաններում։

1994-1998 թվականներին ցուցահանդեսներ է ունեցել Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում։

1998 թվականից բնակվում էր Նյու Յորքում։

1998 թվականին Monica Goldstroms պատկերասրահում մասնակցել է Լոնգ Այլենդի կրծքի քաղցկեղի հիմնադրամին նվիրված ցուցահանդեսին։

Աշխատանքները ներկայումս ցուցադրվում են Կալիֆորնիայի Royal Design Connection պատկերասրահում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս