«Պատերազմից հետո հարկ կլինի կառուցել նոր աշխարհակարգ»․ Քալըն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է միջնորդական առաքելություն ստանձնելու քայլեր անել՝ հանդիպման առաջարկ անելով Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս թեմային Քալընն անդրադարձել է Անկարայի 17-րդ գրքի տոնավաճառի ընթացքում՝ խոսելով օրակարգային հարցերի՝ մասնավորապես ուկրաինական խնդրի, դրա լուծման հավանականության և ապագայի վրա հնարավոր ազդեցության մասին:

Նրա խոսքով՝ Էրդողանի առաջարկին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է արձագանքել՝ հանդիպելու պատրաստակամություն հայտնելով: Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կողմերի տեսակետները դեռ բավականաչափ մոտ չեն, և առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու համար դեռ պետք է սպասել պատվիրակությունների աշխատանքի ավարտին:

Քալընը նշել է, որ Բելառուսում անցկացվող պատվիրակությունների հանդիպումներում հիմնականում տեխնիկական հարցեր են քննարկվում: Հետևաբար, Քալընի համոզմաբ, Պուտին-Զելենսկի հանդիպումն առանցքային է՝ հիմնարար հարցերում լուծումների գտնելու համար:

Քալընի գնահատմամբ՝ հանդիպման կազմակերպման դեպքում ընդունվելիք որոշումները կկանխորոշեն առաջիկա 10 տարիների ընթացքը: Այս համատեքստում Քալընը հետևյալ դիտարկումն է արել. «Երբ այս պատերազմն ավարտվի, անհրաժեշտ կլինի կառուցել նոր աշխարհակարգ: Այս անվտանգային ճարտարապետությունը ձևավավորելիս այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի դերն ու տեղը, Արևմտյան դաշինքի հետ հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կդառնան քննարկման հիմնական թեմաները»:

Քալընը հավելել է նաև, որ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը պատերազմը դադարեցնելու համար՝ նշելով, որ այդ թեմայով սպասվում են խորհրդակցություններ ՆԱՏՕ-ի վեհաժողովում, որտեղ Էրդողանը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:

Տեսանյութեր

Լրահոս