«Կան բաներ, որոնք նախկինի պես չեն». Արամ Mp3
Նոր երգեր, տեսահոլովակներ, երաժշտական նախագծեր. Արամ Mp3-ն շուտով հանդես կգա նորություններով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում արտիստը խոստացավ մանրամասները ներկայացնել երկու շաբաթ անց, երբ նախագծերի մեկնարկի ժամկետները կհստակեցվեն: Այդուհանդերձ, որոշ մանրամասներ նա պատմեց:
«Նոր երաժշտական նախագիծ ենք սկսել, ժամկետները դեռ հստակեցված չեն, այս պահին սպասում ենք գարնանային մի երգի ավարտի, որը հիմա ավարտի է բերվում, դեռ այսքանը: Մոտ երկու շաբաթ անց խոստանում եմ չակերտները բացել»,-ասաց նա:
Երաժշտությունից զատ բազմաթիվ հետաքրքրություններ ունի Արամը, առօրյան անցկացնում է սպորտով զբաղվելով՝ հեծանիվ, վազք, լող: Եթե հասցնում է, հանգստի տարբերակներից նախընտրում է ընտանիքի հետ շաբաթ-կիրակի օրերին քաղաքից դուրս գնալ: Հարցազրույցի պահին գտնվում էր Ծաղկաձորում, էմոցիաներն է փոխանցում. «հիանալի ձյուն է գալիս»:
Արամ Mp3-ն այն արտիստներից է, որը նորամուծություն բերեց հայկական երաժշտարվեստում՝ էլեկտրոնային, ռիթմիկ երաժշտության մասին է խոսքը: Հետաքրքվեցինք հայ հանրությունը որքանո՞վ է հաղորդակից երաժշտական այդ ժանրին, հիմա առավել ո՞ր ժանրերն են պահանջված:
«Եթե ասեմ, որ կարողացել ենք վերջնական մեր նպատակին հասնել, սուտ կլինի, բայց ես տեսնում եմ հասարակության մոտ պրոգրես: Ճաշակային փոփոխությունը աննախադեպ մեծ է: Եթե համեմատենք տասը տարի առաջ եւ հիմա, ապա կարող եմ վստահաբար ասել՝ մեր երաժշտական ունկնդրի մոտ ճաշակի փոփոխություն կա: Այն ժամանակ լսում էին երկու հիմնական ժանր: Այժմ կարողացել ենք ներմուծել տարբեր ժանրեր՝ ռոք, փոփ, էլեկտրո-հաուս եւ այլն: Այս ոճերով աշխատող երաժիշտները ունեն իրենց հանդիսատեսը եւ պահանջված են: Սա բնականաբար խոսում է պրոգրեսի մասին եւ մոտիվացնում է շարունակել: Մենք դեռ ունենք ավելին անելու հնարավորություն»,-ընդգծեց նա:
Հարցին՝ Հայաստանում ո՞ր հայտնի երաժիշտին կցանկանար տեսնել ՝ ընդհանրական պատասխան է տալիս՝ ուրախ կլինի Հայաստանում տեսնել աշխարհի մասշտաբով ցանկացած որակյալ երաժիշտի, քանի որ, ըստ նրա՝ յուրաքանչյուրը իր հետ բերելու է ինչ-որ մի նոր մշակույթ, միտք, որը հայ արտիստները, սկսնակ երաժիշտները «կորսան» ու կներառեն իրենց ստեղծագործական կարիերայի մեջ:
Հիշում է օրինակ, թե ինչպիսի մեծ փորձի փոխանակում տեղի ունեցավ, երբ 2019թ.-ին Հայաստան ժամանեց աշխարհահռչակ DJ, երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը: Ընդգծում է՝ նրա Հայաստան գալուց հետո մեր հասարակության երաժշտական ճաշակում շատ բան փոխվեց: «Համերգներ անող արտիստները հասկացան, որ, եթե ուզում են հրապարակում ունենալ լավ ձայն, պիտի ունենան այդպիսի տեխնիկա: Ծանոթացանք այդ մարդկանց «ռայդերների» հետ: Շատերը հնարավորություն չունեն մեկնել արտասահման, մասնակցել նման համերգների, իսկ Արմին Վան Բյուրենի այցը, մեղմ ասած, մաստերկլաս էր»,-ասաց Արամը:
Խոսելով հետպատերազմյան Հայաստանում ստեղծագործելու մասին՝ արտիստը խոստովանեց, որ բարդ է ստեղծագործել այնպես, ինչպես նախկինում:
«Բնականաբար դժվար է, կան բաներ, որոնք նախկինի պես չեն: Քեզ համար նշաձող ես սահմանում եւ չես կարողանում դրանից ավելին անել: Պատերազմից հետո ընկճախտ էր, երկար ժամանակ շատերը չէին կարողանում ստեղծագործել, եւ դա նորմալ էր: Հիմա յուրաքանչյուրը փորձում է իր ձեւով ոտքի կանգնել: Բարդ է իրականում, հատկապես, երբ փորձում ես այնպիսի ժանրի մեջ ստեղծագործել, որոնք ուրախ, պարային տրամադրություն են հաղորդում»,-նշեց նա:
Արամ Mp3-ին մտահոգում է մարդկանց կրթության մակարդակը: Նրա խոսքով՝ կրթական ցածր մակարդակը ամենուր իր վատ հետքն ու բացասական հետեւանքներն է թողնում: «Մենք խոսում ենք մի խնդրի մասին, որը ակներեւ է, եւ դրան լուծում կա: Յուրաքանչյուր ոք պետք է նայի իր ներքին դաստիարակությանն ու կրթությանը, որոնց բացակայության հետեւանքով մենք ամենուր կորուստներ ենք ունենում, սկսած մարդկային փոխհարաբերություններից: Ի՞նչպիսին է օրենքի նկատմամբ մեր պահվածքը, երկրի նկատմամբ մեր վերաբերմունքը, միմյանց նկատմամբ, ընկերության, ընտանիքի մեջ, աշխատավայրում մեր մոտեցումը»,-մատնանշում է երաժիշտը:
Իր մարդկային տեսակով եւ ներաշխարհով, հաջողություններով հետաքրքրված մարդուն ասում է՝ ուզո՞ւմ ես լինել երաժիշտ, ուզո՞ւմ ես ստեղծագործել, սիրո՞ւմ ես երաժշտությունը՝ լսիր ամեն ինչ. «Որովհետեւ յուրաքանչյուր բան քեզ կտա յուրովի միտք, որը քեզ մոտ կծնի գաղափար, ինչն էլ կտանի դեպի հաջողություն, եւ այն կլինի քո կյանքում ձեռք բերված ամենահրաշալի բանը»:
Նա շեշտում է՝ հաջողության ճանապարհին յուրաքանչուրն ունի իր օրենքները, ուղղակի պիտի գտնել դրանք: «Իմ օրենքներն են, ինքս եմ հասկացել, յուրաքանչյուրը իր ճանապարհը պիտի գտնի, ճյուղավորված ճանապարհ է, որի մեջ պիտի գտնես քոնը, ուսումնասիրիր, կարդա, նայիր ու լսիր ամեն բան, մինչեւ գտնես քո սրտինը»,-եզրափակեց նա: