
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմեկնի Լեհաստան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպա այցի շրջանակում կայցելի Բրյուսել, ապա կմեկնի Լեհաստան։ «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին։ Նշվում է, որ Լեհաստանն ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցն է. այն ոչ միայն հյուրընկալել է ամերիկացի հազարավոր զինվորականների, այլ նաև ընդունել է ուկրաինացի փախստականների ամենամեծ հոսքը: Այստեղ է այս պահին գտնվում ավելի քան 2 միլիոն փախստական Ուկրաինայից:
Ջո Բայդենը Վարշավայում երկկողմ հանդիպում կունենա Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ինչը նախատեսված է շաբաթ օրը՝ մարտի 26-ին։
Մարտի 21-ին՝ իր այցից առաջ, Բայդենը կքննարկի Եվրոպայում ռազմական իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահ Բայդենն այս պահին չի նախատեսում այցելել Ուկրաինա: