Արարատ Միրզոյանը խուսափեց հստակ պատասխանից՝ բացառո՞ւմ են Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում

Այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ներկայացնում էր կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի ընդունած N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» զեկույցը։

Զեկույցը ներկայացնելուց հետո, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ԱԳ նախարարին Արցախի ճակատագրի վերաբերյալ։

«Նախորդ տարի արտգործնախարարության անելիքների մասին ներկայացնում էր տեղակալը, և մենք իր հետ խոսեցինք այն հարցերի շուրջ, որ մեր առջև կա շատ հստակ մարտահրավեր։ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն է, որի նպատակն է  Արցախի հայաթափումը։ Հայաթափման հետ կապված՝ մենք ներկայացրեցինք երեք նախապայման, որ եթե դրանցից որևէ մեկը տեղի ունենա, ապա հայաթափումն անխուսափելի է։ Առաջինը կապված է Արցախի կարգավիճակի հետ, պետք է բացառվի Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Երկրորդը՝ կապված է անկլավության հետ՝ պետք է բացառվի Արցախի անկլավային վիճակը։ Երրորդը կապված է անվտանգության միասնական համակարգի հետ, որն ուղղակի արձանագրում էր, որ Հայաստանն իր երաշխավորի կարգավիճակը իրականացնի լիարժեք։ Մենք կատարողականը նայում ենք և տեսնում, որ դուք հետևել եք Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակած ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ ճանապարհային քարտեզը։ Բառացի մեջբերել եք, որ ձեր առջև նպատակ եք դրել վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցը։ Ես հիմա ուզում եմ լսել այս երեք հարցերի պատասխանները, որովհետև դրանցից որն էլ տեղի ունենա, Արցախը հայաթափվելու է։ Դուք կարո՞ղ եք հստակ հայտարարել, որ մենք բանակցությունների մեջ մտել ենք՝ բացառելու Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում, բացառելու Արցախի անկլավային վիճակը և վերականգնելու Հայստանի հանձնառությունը՝ լինելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացնող»,- հստակ հարց ուղղեց Արմեն Ռուստամյանը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեգնանքով արձագանքեց՝ խուսափելով հարցին հստակ պատասխան տալ.

«Պարոն Ռուստամյան, հավանաբար դուք ներկայացնում եք ձեր քաղաքական կուսակցությանը, և այն կուսակցությունը, որը ես եմ ներկայացնում, բազմիցս հանդես է եկել այդ և հարակից հարցերի վերաբերյալ իր պատկերացումներով։ Ընդ որում, նաև հանդես է եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում, և այդ պատկերացումները խարսխված են տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ուղենիշի վրա»։

Շարունակելով՝ արտգործնախարարը հավելեց, որ դրա կարևորագույն մաս է ԼՂՀ շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի բանակցումը և հետո կնքումը։

«Կարող եմ հավելել, որ մեզ համար սկզբունքային ու առանցքային է արցախահայության իրավունքների և Արցախի կարգավիճակի հարցը»,- շեշտեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս