«Բնակիչները ցանկանում են անվտանգության հարցերի հետ կապված՝ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկից պատասխաններ ստանան». Բարձրավանի գյուղապետ
Մարտի 17-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել էր Սյունիքի մարզում՝ այցելել էր դիրքեր։ Նա եղել էր Ներքին Հանդ համայնքին հարակից սահմանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել էր տվյալ հատվածում առկա իրավիճակը:
168.am-ը Սյունիքի մարզի Բարձավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք Սուրեն Պապիկյանն այցելե՞լ է Բարձրավան, քանի որ Բարձրավանն այն գյուղերից է, որը թշնամու սադրանքների արդյունքում հայտնվում է շրջափակման մեջ, նախկինում նման մի քանի դեպք արդեն արձանագրվել է։
«Մեր համայնքում Սուրեն Պապիկյանը չի եղել, ես էլ եմ լսել, որ նա այցելել է Սյունիք, բայց կոնկրետ Շուռնուխ ու Բարձրավան չի եղել։ Նրա հետ հանդիպում չենք ունեցել և որևէ բան չենք կարողացել քննարկել։ Իհարկե, մենք Պաշտպանության ոլորտի ղեկավարի հետ քննարկելու շատ հարցեր ունեինք, այսօր բնակիչներից յուրաքանչյուրին անհանգստացնում է անվտանգության հետ կապված հարցերը, առավել ևս մեզ՝ որպես սահմանամերձ բնակավայրի բնակիչների։ Բնակիչները բոլորն էլ ցանկանում են անվտանգության հարցերի հետ կապված՝ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկից պատասխաններ ստանան»,- նշեց Օնիկ Ավագյանը։
Ինչ վերաբերում է Բարձրավանում տիրող ընդհանուր իրավիճակին, Օնիկ Ավագյանն ասաց, որ իրավիճակը նույնն է, որևէ բան չի փոխվել։
«Բարեբախտաբար, մեր կողմից թշնամին առաջ չի եկել, բայց լսել ենք, որ Ներքին Հանդում առաջ է եկել։ Մեր տեղաշարժի հետ կապված խնդիրներ կան, ձյուն է, ճանապարհները փակվում են, դժվար է։ Չոր պայմաններում նորից դժարություններ ունենում ենք, հիմա որ ձյուն է, դժվարություները կրկնապատկվում են»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց, որ թշնամուց միշտ էլ վտանգ են սպասում՝ անկախ տարվա եղանակից։
«Վտանգը միշտ կա, ինչ ասեմ։ Մինչև այս ձյան տեղալը այստեղի ժողովուրդը սկսել էր գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, բայց դե, այստեղ էլ մեծ դժվարություններ կան, մարդիկ հիասթափված են՝ թանկացումների հետ կապված, վառելիք չկա, սերմացու չունեն։ Կառավարությունը որոշել է սուբսիդավորել ազոտական պարարտանյութը, բայց հիմա խնդիրն այն է, որ կոնկրետ չգիտենք, թե քանի հազար դրամանոց պարարտանյութն է սուբսիդավորում, ժողովուրդը սա չգիտի։ Գյուղտեխնիկայի հետ կապված՝ ևս խնդիրներ ունենք»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքում այս իրավիճակը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի 2020 թվականին կայացրած որոշման արդյունքում, ըստ որի՝ հայկական զորքը մի քանի կիլոմետր հետ է քաշվել զբաղեցրած դիրքերից։ Այս մասին հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։
Նշենք նաև, որ թշնամին մի քանի անգամ փակել էր Գորիս-Կապան ճանապարհը, որի արդյունքում Բարձրավանը հայտնվել էր շրջափակման մեջ, գյուղացիներին հաց էին հասցրել ԱԻՆ մեքենայով։