Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սրբազա՛ն հայր, թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորել Ձեզ պանծալի հոբելյանի՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։

Ձեր ամբողջ կյանքն ու գործունեությունը Դուք նվիրաբերել եք մեկ նպատակի՝ հարազատ ժողովրդին ու հայոց եկեղեցուն անձնվիրաբար ծառայելուն։ Եվ այժմ էլ, չխնայելով ջանք ու եռանդ, Դուք շարունակում եք Ձեր հայրենանվեր ու աստվածահաճո գործը՝ սատար կանգնելով մեր հավատավոր ժողովրդին, սերմանելով սեր ու համերաշխություն, ամրապնդելով հույսն ու հավատը։

Սրբազա՛ն հայր, մեկ անգամ ևս ընդունեք խորին հարգանացս հավաստիքը և ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք Ձեզ։ Թող Աստծո աջը միշտ հովանի լինի Ձեզ, մեր եկեղեցուն և հայոց աշխարհին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս