ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ՌԴ-ից ձեռք բերած S-400-ները. Reuters
Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Reuters-ի հետ զրույցում ասել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ըստ Reuters-ի ՝ոչ պաշտոնական առաջարկի մասին խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային S-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Սակայն ըստ թուրքական աղբյուրի՝ Reuters-ի հետ զրուցած հիշյալ պաշտոնյաները նշել են, որ Անկարան մերժել է այդ առաջարկը, ընդ որում արտգործնախարարության մակարդակով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբը նույն այդ թեմայով ուշագրավ հոդված էր հրապարակել ամերիկյան հայտնի «The Wall Street Journal»-ում: Նա առաջարկել էր, որ Ռուսաստանից գնված հակաօդային համակարգերը փոխանցվեն Ուկրաինային, ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 ռազմական ինքնաթիռները: Քոլբը կարծում էր, որ նման քայլը կարող է օգնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը: