«Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ». Հրաչյա Սարգսյան
«Համաձայն Պետհիդրոմետ ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության՝ մարտի 21-ի ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար, իսկ մարտի 22, 23, 25-ին և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի և 25-ի գիշերը, մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 4-6 աստիճան տաքություն, նվազագույն ջերմաստիճանը՝ մարտի 26-ի ցերեկը՝ 0-ից -2 աստիճան»,- տեղեկատվությունը հնչեց Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երևանում տեղումների առատության հետևանքով ի՞նչ խնդիրներ են առաջացել, մասնավորապես, քաղաքի փողոցներում, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հարցին պարզաբանում տվեց քաղաքապետարանի աշխատակից Հովհաննես Մանուկյանը, թե կենտրոնական փողոցներն ամբողջովին բաց են, ամբողջ գիշեր աղ ցանող մեքենաներն աշխատել են:
Քաղաքապետը հարցրեց՝ Ջրվեժի պահեստում կարծես աղի և ավազի պակասություն կա, չէ՞, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Այսօր առավոտյան վերջացավ թե՛ Ջրվեժում, թե՛ Թբիլիսյան խճուղիում: Էս մի քանի օրվա ընթացքում ծավալը կբավարարի, բայց, եթե 4-5 օր շարունակվի՝ չի բավարարի»:
ԱԻՆ-ից էլ հայտնել են, որ Երևանում մեկ շաբաթում Ճգնաժամային կառավարման բաժնում գրանցվել է 219 դեպք, որից 67-ը՝ արտակարգ իրավիճակների մասով, կենցաղային բնույթի 126 դեպք, ինքնակամ շինության՝ 4, և կոմունալ կենցաղային հարցերով՝ 22 ահազանգ:
Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով ինքնակամ կառույցներին՝ նշեց. «Ես զարմանում եմ, որ մինչև հիմա մարդիկ ինքնակամ են անում: Այդքան զգուշացրեցինք, տեղեկացրեցինք, որ այդ ինքնակամներն այլևս չեն օրինականացվելու: Գնում բանկից վարկ են վերցնում, չգիտեմ՝ ինչ-որ մարդիկ իրենց բաներ են խոսք տալիս: Հարգելիներս, վստահեցնում եմ՝ այդ խոստումները ոչ մի բան են: Անիմաստ ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պետք է գաք, ասեք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք: Ես ենթադրում եմ՝ քաղաքապետարանում ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են խոսք տալիս: Պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»: