Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է․ Ադրբեջանը պատասխանել է Շուշիում անցկացված միջոցառմանն ուղղված ՀՀ ԱԳՆ բողոքին
Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի կողմից հնչեցված բողոքի նոտային, որը պայմանավորված է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավմանը` մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։
Ադրբեջանի «ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը և դրան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը չի մտնում Հայաստանի իրավասության մեջ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։
«Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է և անընդունելի»,- ասել է Աբդուլաևան, ըստ իրեն՝ Շուշին համարելով «Ադրբեջանի հնագույն քաղաք»։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել էր արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։