
Ուժեղ քամին ավերածություններ է պատճառել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում

Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
«Դեռ նախորդ օրվանից սկսված և մինչև այժմ շարունակվող ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, ահազանգ է ստացվել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերից։ Թորոսգյուղում վնասվել է դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները, նշված բնակավայրերում վնասվել են նաև մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքներ, արևային ֆոտովոլտային կայաններ»,- հայտնում է Շիրակի մարզպետարանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուները օպերատիվ կապի մեջ են բոլոր համայնքների ղեկավարների և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու, իրավիճակը հսկողության տակ պահելու նպատակով։