Հայաստանը ճիշտ հետևություններ չի արել 44-օրյա պատերազմից. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի ներկայացուցչին ուղղված բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչների մասնակցության հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան՝ պատասխանելով Շուշիում տեղի ունեցած համաժողովին ՄԱԿ-ի ներկայացուցչի մասնակցության դեմ ՀՀ ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի ներկայացուցչին ուղղված բողոքի մասին հարցին, գրում է minval.az-ը։
Աբդուլաևան անընդունելի է անվանել Հայաստանի միջամտությունը «մեկ այլ պետության ներքին գործերին»:
«Հայաստանի շարունակական տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ այս երկիրը ճիշտ հետևություններ չի արել 44-օրյա պատերազմից։ Հայաստանի արտգործնախարարության այս դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առաջատար անդամների հետ համատեղ ձեռնարկած խաղաղապահ ջանքերին խոչընդոտելու փորձ»,- ասել է նա և հավելել, որ Շուշին «Ադրբեջանի բուն տարածքն է»։
«Ադրբեջանական մշակույթի բնօրրան այս քաղաքը, այլ տարածքների հետ միասին, ազատագրվել է 2020 թվականին, վերականգնվել է մեր տարածքային ամբողջականությունը։ ՄԱԿ-ը երբեք չեզոք դիրքորոշում չի որդեգրել նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, ընդհակառակը, աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւերում։ Այս առումով պարզ չէ, թե ինչ «չեզոք կարգավիճակի» վերականգնման կոչ է անում Հայաստանի ԱԳՆ-ն։
Եզրափակելով՝ կցանկանայինք կրկնել, որ որքան շուտ Հայաստանն ընդունի տարածաշրջանում հետպատերազմական շրջանի իրողությունները, այնքան ավելի օգտակար կլինի իր համար»,- նշել է Աբդուլաևան։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել ՄԱԿ-ի ներկայացուցչին՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավված լինելու համար: