Մեքենայի խցիկից 10 միլիոն 300.000 դրամ էին գողացել
Մարտի 9-ին ոստիկանություն զանգած Երևանի 31-ամյա բնակիչը հայտնել էր, որ Գյումրի քաղաքի մաքսատան ավտոկայանատեղիում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից 11.000.000 դրամ են գողացել:
Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Կումայրիի բաժնի, Շիրակի մարզային վարչության, Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների քննչական գործողությունների արդյունքում մարտի 15-ին Երևան քաղաքում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի երեք բնակիչներ, ապա ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նրանցից երկուսը խոստովանական ցուցմունք են տվել:
Հայտնել են, որ ոստիկանություն զանգած 31-ամյա տղամարդը մարտի 9-ին իրենց է տվել «Ֆոլքսվագենի» բանալու կրկնօրինակը, ապա եկել են Հյուսիսային մաքսատան վարչության տարածք, որտեղ մեքենայի դուռը բացել և խցիկից գողացել են 10.300.000 դրամը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Խոստովանական ցուցմունք տված և ոստիկանություն ահազանգած տղամարդիկ ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն: