Ալեն Բեգլարյան. պատանի երկրապահը. Ալենն ընդամենը 20 տարեկան էր…

Ալեն Եղիշի Բեգլարյան, ծնվել է 2000 թ. փետրվարի 1-ին Կապան քաղաքում, տան կրտսեր որդին էր: Դեռ մանկուց իր մեջ ձևավորվել էր զինվոր դառնալու ցանկությունը և մեծ սեր ուներ դեպի զինվորական համազգեստը:

2006 թ. ընդունվում է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակում Ձագեձորի միջնակարգ դպրոցում և ավարտում 2017թ.: Դպրոցում սովորելու տարիներին ընդգրկվում է Երկրապահ կամավորական միությանն ու երդվում, որ կլինի հայրենիքի նվիրյալ զինվոր:

2018 թ. հուլիսի 8-ին զորակոչվում է հայոց բանակ: Ծառայությունն անց է կացնում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիսի զորամասում: Երկու տարի անց է կացրել սահմանի առաջնագծում: Հրամանատարության կողմից պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և «Քաջարի մարտիկ» շքանշանով: Զորացրվել է 2020 թ. հուլիսի 8-ին:

Զորացրվելուց երկու ամիս էր անցել, երբ սկսվեց ադրբեջանաթուրքական ագրեսիան: Ալենն առանց վարանելու կամավորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, անպայման Արցախ էր ուզում գնալ, բայց իրենց ջոկատին կցագրեցին սահմանամերձ Դավիթբեկ գյուղի ինքնապաշտպանությանը։

Ասաց՝ «Մամ ջան, ես պետք եմ Արցախին, այնտեղ եմ ծառայել, ամեն մի թուփն ու քարը գիտեմ։ Իմ նմանների կարիքը կա Արցախում»,–հիշում է Ալենի եղբոր կինը՝ Աստղիկ Ոսկանյանը։

Հերթափոխով էր ծառայում, տուն էր գալիս ու նորից գնում ծառայության: Ներքուստ մտահոգ էր, բայց արտաքուստ ցույց չէր տալիս։ Ոչ մեկի հետ չէր կիսվում, թե ինչ է կատարվում։ «Ասում էր՝ կներեք, ռազմական գաղտնիք է, բայց լավ է լինելու, դրանք չեն մտնի մեր հողերը»,–հիշում է Աստղիկը։

Նոյեմբերի 8-ին հերթափոխի էր, տնից առավոտը գնաց Դավիթբեկ ու այդ օրն էլ զոհվեց։ Թշնամու արկը հարվածել էր նրանց խրամատին։

Ալենն ընդամենը 20 տարեկան էր: Նա դասվեց այն քաջորդիների շարքը, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն վաղվա օրվա…

Ալեն Բեգլարյանը հուղարկավորվել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում:

Կապան համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվել է «Կապան» հուշամեդալով:

syuniacyerkir.am

Տեսանյութեր

Լրահոս