Սահմանադրական դատարանից անհետացել է Սահմանադրության Մայր օրինակը. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սահմանադրական դատարանից անհետացել է Սահմանադրության Մայր օրինակը
Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության օրը, Սահմանադրական դատարանից դուրս է բերվել և այլևս չի վերադարձվել Սահմանադրության Մայր օրինակը։ Վերջին անգամ, ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ, Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Արման Դիլանյանը այն փոխանցել է Սահմանադրական դատարանի մեկ այլ ինքնահռչակ նախագահ, Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որն այն տարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ Ազգային ժողովի հատուկ նիստում պետք է տեղի ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորների կողմից ընտրված Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունը։
Արարողությունից հետո, Վահե Գրիգորյանին վստահված Սահմանադրության Մայր օրինակն անհետացել է։ Մեծ ռիսկեր կան, որ այն կարող է հայտնված լինել Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների ձեռքում, ովքեր կարող են դրանում սեփական հայեցողությամբ և գրագիտությամբ փոփոխություններ կատարել (վերջին անգամ այդպես եղել է 2020 թվականին, երբ այդ կարգավիճակի 46 տարեկան ուսանող, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կոչով դասադուլներին հավանական մասնակցություն ցուցաբերած, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ուսմանը զուգահեռ, փոփոխություններ կատարեց դրանում, ինչի հետևանքով տեղի ունեցավ ապօրինի իշխանազավթում Սահմանադրական դատարանում)։
Հուսով եմ, այս հրապարակումից հետո կհաջողվի գտնել և Սահմանադրական դատարան վերադարձնել Սահմանադրությունը։
Հ․Գ․ Մի առիթով Վահե Գրիգորյանը մեր երկրի Սահմանադրությանն անվանել էր բռնաբարության արդյունք։ Հուսանք, որ 2022 թվականի մարտի 13-ից մինչ օրս նրա պատասխանատվության տակ եղած և բոլորի տեսադաշտից հեռու գտնվող Սահմանադրության Մայր օրինակի հետ հարաբերություններում նա իրեն նորմալ է դրսևորել»։