Աշխարհի խնդիրները քիչ էին, մեր իշխանություններն էլ՝ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են. Արտակ Զաքարյան

«1974 թ. ստեղծված եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որ հայտնի է՝ որպես Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված դրույթներ, սկզբունքներ, այլևս չի գործելու: Չի բացառվում է, որ վերանայումներ լինեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական կազմում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ն, վստահ եմ, վերանայվելու է, վերանայվելու է ՆԱՏՕ-ի կազմը:

Բնականաբար, միաբևեռ աշխարհն այլևս չի լինելու, և բազմաբևեռ աշխարհի տրամաբանությունն է գործելու»,- «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Արտակ Զաքարյանը նաև հավելեց, որ խիստ կարևորվելու է Չինաստանի դերակատարությունը, իսկ մեր տարածաշրջանում սրվելու է Իրանի և Թուրքիայի մրցակցությունը։

«Այս ամենը մեծ կամ փոքր չափով վերաբերում է մեզ։

Ինչպես ասում են, աշխարհի պրոբլեմները քիչ են, մեր իշխանություններն էլ՝ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են։ Այսինքն՝ ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք մենք ապրում և այս ամենից պետք է շատ լուրջ հետևություններ անենք։

Մենք աշխարհը, աշխարհակարգը չենք կարող փոխել և հարմարեցնել մեզ, բայց գոնե մեր ներսը պարտավոր ենք կարգի բերել, որ ցանկացած զարգացման՝ և՛ ամենավատ, և՛ ամենալավ, պատրաստ լինենք»,- նկատեց նա:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ այս իշխանությանն արդեն պետք է փոխած լինեինք, որովհետև, նրա համոզմամբ, գործող իշխանությունները նոր աշխարհակարգի, Հայաստանի նոր պրոբլեմների հետ որևէ առնչություն չունեն:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե որո՞նք են այն ռիսկերը, որ կարող են լինել սխալ քաղաքականության հետևանքով, Արտակ Զաքարյանը շեշտեց. «Պատերազմ, իզգոյի կարգավիճակում հայտնվել՝ մերժված լինել և ՛Ռուսաստանի, և՛ Արևմուտքի կողմից, զրկվել տնտեսական զարգացման հնարավորություններից, պարենային անվտանգության հարցերում հայտնվել վերջին վագոնում (այսինքն՝ տակը ինչ մնա, կամ կտան, կամ չեն տա, կամ կհայտնվենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սոցիալական երրորդ, չորրորդ երկրների ցանկում՝ էն որ ասում են՝ մի բան տվեք՝ ուտեն չմեռնեն, մինչև տեսնենք՝ ինչ է լինում)։ Սրան են տանում սրանք»։

ՊՆ նախկին նախարարը վստահեցրեց, որ այս պահին Հայաստանը չի լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը. երկիրը նույնիսկ չունի անվտանգության փոփոխված հայեցակարգ։

 

Տեսանյութեր

Լրահոս