Բաժիններ՝

Վրաստանում բացահայտվել է դաժան սպանություն. 32-ամյա տղամարդը սպանել է թոշակառու ազգականուհուն և այրել

Թբիլիսիում ոստիկանությունը 32-ամյա տղամարդու է ձերբակալել 82-ամյա ազգականուհու կանխամտածված սպանության մեղադրանքով: Այդ մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի ծայրամասի Գլդանի շրջանում:

Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալն իր ազգականուհուն սուր առարկայով վիրավորել է նրա սեփական բնակարանում, ինչի հետեւանքով տարեց կինը տեղում մահացել է: Հանցագործությունը կատարելուց հետո մեղադրյալը վերցրել է հեռուստացույցը եւ փորձել այն գրավատուն հանձնել, սակայն չի կարողացել: Նա վերադարձել է հանցագործության վայր, որպեսզի թաքցնի հետքերը. այրել է դիակն ու թաքնվել, հաղորդում է ՆԳ նախարարությունը: Ոստիկանությունը մեղադրյալին ձերբակալել է տեղի ունեցածից մի քանի ժամ անց:

Հարուցվել է քրեական գործ՝ «Կանխամտածված սպանություն՝ շահադիտական մղումներով» հոդվածով: Ձերբակալվածին սպառնում է 16-ից մինչեւ 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս