Բաժիններ՝

Աֆղանստանում արգելել են ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն

Աֆղանստանում կառավարող «Թալիբան» շարժումը պաշտոնապես արգելել է երկրում ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հեռարձակողների հետ հանդիպման մասնակիցներից մեկը: Աֆղանստանում ավելի վաղ սերիալներ են հեռարձակել, մասնավորապես, Հնդկաստանից եւ Թուրքիայից:

Այդ ժապավենները, ինչպես նաեւ այդ երկրներից երաժշտությունը, տարածված են եղել մեծ լսարանի շրջանում: Աֆղանստանի հեռարձակողների ներկայացուցիչների հետ «Թալիբան»-ի մշակույթի հանձնաժողովի եւ արգելման գործերի նախարարության աշխատակիցների հանդիպումը տեղի է ունեցել մարտի 17-ին: «Թալիբները հստակորեն ասել են՝ դադարեցնել դարի եւ փուշտու լեզուներով (Աֆղանստանում առավել տարածված լեզուները) թարգմանված ցանկացած օտարերկրյա սերիալի ցուցադրություն»,-հայտնել է հանդիպման մասնակիցը:

Նրա խոսքով՝ նոր իշխանությունները նշել են, որ արգելքը խախտելու դեպքում ոչ մի արդարացում չեն ընդունի: ՌԻԱ Նովոստիի զրուցակցի կարծիքով, օտարերկրյա սերիալների արգելքը հավասարազոր է հեռուստատեսային հեռարձակման դադարեցմանը:

«Աֆղանստանում չկա կինոինդուստրիա եւ չկա ոչ մի սերիալ կամ ֆիլմ, որը կարող է փոխարինել արտասահմանյանին: Այդ սահմանափակումը նշանակում է, որ հարկավոր է անջատել հեռուստացույցները»,- ասել է նա:

2021 թվականի օգոստոսին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ առել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Օգոստոսի վերջին երկու շաբաթում Քաբուլի միակ օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, իրականացվել է օտարերկրացի աշխատակիցների եւ օտարեկրյա ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումը:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի սկզբին հայտարարվել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը:

Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը պատասխանատու է «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ արտաքին քաղաքականության համար եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս