Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստան և Ուկրաինա կատարած այցերից հետո հավանական հրադադարի վերաբերյալ հույսերն ավելացել են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբային: Մինչ այդ Մոսկվայում Չավուշօղլուն հանդիպումներ էր ունեցել ռուս պաշտոնյաների հետ՝ քննարկելով ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ հարցեր։

Չավուշօղլուն հայտարարել է, որ ուրախ է կրկին հանդիպել Կուլեբայի հետ Անթալիայում տեղի ունեցած հանդիպումից հետո։

«Այս անգամ ես ցանկանում էի գալ Լվով և մեր աջակցությունն ու համերաշխությունը ցույց տալ ձեզ և ուկրաինացի ժողովրդին»։

Նշելով, որ այս ճգնաժամում իրենք սկզբունքային դիրքորոշում են որդեգրել՝ Չավուշօղլուն ասել է. «Այս պատերազմը, արյունահեղությունը պետք է շուտ դադարեցնել։ Թուրքիան ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ տարբեր մակարդակներում»։

Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Ուկրաինան առաջարկ է արել «Հավաքական անվտանգության պայմանագրի» վերաբերյալ:

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր համաձայնագրի անվտանգության երաշխավորներից մեկը, իսկ Ռուսաստանն էլ դրա դեմ որևէ առարկություն չի ներկայացրել։

Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է Թուրքիայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և իրենք ցանկանում են նման հանդիպում կազմակերպել։

Տեսանյութեր

Լրահոս