«Արցախի անկախությունը բացառող որևէ առաջարկ չի ընդունվելու». Գագիկ Բաղունց

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցն այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանից դեպի Արցախ կրթական ու մշակութային նպատակներով հոսքը, որը կար մինչև 44-օրյա պատերազմը, բավականին նվազել է, և այս իրավիճակը պետք է արագ շտկվի։

«Հայաստանին ես միշտ էլ նայել եմ՝ որպես յուրահատուկ պատուհան դեպի Եվրոպա, և մեծ ծավալով չօգտագործել այս հնարավորություններն Արցախի համար, դա ռազմավարական սխալ եմ դիտարկում։ Հուսամ՝ կվերականգնվեն նախկին ինտենսիվությամբ մեր փոխադարձ այցերը, համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ»,- նշեց Գագիկ Բաղունցը։

Թե թերացումները ո՞ր կողմից են, Գ. Բաղունցը պատասխանեց, որ Արցախի կողմից ևս թերացումներ կան, բայց դա տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքն է, իրավիճակն աստիճանաբար պետք է ուղղվի դեպի ավելի բարենպաստ պայմաններ։

Անդրադառնալով Արցախում գազամատակարարման անջատմանը և հայտարարությանը, որ ադրբեջանական կողմն է սկսել վերանորոգման աշխատանքները, որը օրեր շարունակ թույլ չէր տալիս, որ հայկական կողմը մոտենար խողովակաշարին, Գագիկ Բաղունցը հաստատեց՝ կա նման տեղեկատվություն։

«Կարծում եմ՝ աշխատանքներն արդեն ընթանում են, հուսով ենք՝ մոտակա 1-2 օրերի ընթացքում բոլոր աշխատանքները կավարտվեն, և Արցախի բնակչությունը այդ հարցում խնդիր չի ունենա։ Ես չէի ցանկանա՝ այս ամենը ստանար այնպիսի տեսք, որը բնակչության շրջանում կարող է խուճապ ստեղծել։ Այս ամենը նվազեցնում է  այցելություններն Արցախ, կարծում եմ՝ իրականորեն պետք է ընդունել նման ոտնձգություններն ադրբեջանական կողմից, դա եղել է և կա՝ հաշվի առնելով մեր հարևանների մենթալիտետը, հետագայում էլ նման բաներ կլինեն։ Մենք նման ոտնձգությունների ականատես ենք եղել վերջին 30 տարիների ընթացքում։ Մենք կարող ենք հարևանություն անել նրանց հետ, բայց միայն մեր անկախությունն ընդունելու պայմաններում»,- հավելեց Արցախի ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի կազմում հարցը պետք է քննարկել, Գագիկ Բաղունցն ասաց, որ, անշուշտ, առաջնային խնդիրը, որը հետաքրքրում է երկու հայկական պետությունների իշխանություններին և ամեն մի հայի, Արցախի ու արցախահայության անվտանգության խնդիրն է։

«Բոլորն էլ ցանկանում են ունենալ Արցախի անկախ Հանրապետություն, որը որևէ դեպքում չի լինի Ադրբեջանի կազմում, նրա ենթակայության տակ։ Բնականաբար, դա կիսում են բոլոր իշխանական թևերը։ Այլ բան է, որ բազմիցս նշել եմ այդ հանգամանքը, որ դիվանագիտությունը բարդ գործընթաց է, և ամեն ինչ չէ, որ ասվում է։ Ես կողմնակից եմ նրան, որ բնակչությունը հնարավորինս տեղեկացված լինի։ Կարծում եմ՝ Արցախում ու Հայաստանում որևէ իշխանություն չի գնա այնպիսի քայլերի, որը հակասում է ժողովրդի կամքին։ Մեր երկու պետությունների 30-ամյա պատմությունը վկայում է նրա մասին, որ ցանկացած իշխանություն գնալով որոշակի նահանջների ու հետ քայլերի՝ ժողովրդի կողմից ստանում է անվստահություն»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի  ներկայացրած նախապայմանների 5 կետերին, Գագիկ Բաղունցը շեշտեց. «Որևէ առաջարկ չի ընդունվելու, որը կբացառի Արցախի անկախությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս