Բաժիններ՝

Վիետնամը բացել է սահմանները չպատվաստված զբոսաշրջիկների համար

Վիետնամը բացել է սահմանները միջազգային ճանապարհորդների համար եւ երկու տարվա սահմանափակումներից հետո վերականգնել 14-օրյա անայցագիր մուտքը 13 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար՝ առանց հաշվի առնելով մուտք գործող անձանց պատվաստման կարգավիճակը։

Այդ մասին ասվում է երկրի առողջապահության նախարարության՝ մարտի 16-ին եւ 17-ին հրապարակված հրամանագրում, որն ստորագրվել է մարտի 15-ին: Նոր կանոնների համաձայն, օդային ճանապարհով Վիետնամ մուտք գործող օտարերկրյա զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է միայն ՊՇՌ-թեստ՝ թռիչքից 72 ժամ առաջ կամ էքսպրես-թեստ, որը պաշտոնական լաբորատորիայում արվել է թռիչքից 24 ժամ առաջ, ասվում է փաստաթղթում:

Զբոսաշրջիկը պարտավոր է ուշադրություն դարձնել սեփական ինքնազգացողությանը եւ մրսածության ախտանաշաններ հայտնվելու դեպքում դրանց մասին երկրի բժշկական իշխանություններին հաղորդել PC-COVID շարժական հավելվածի միջոցով, որը նա պետք է իր շարժական սարքի մեջ ներբեռնի Վիետնամ ժամանելուց հետո: Չնայած այն բանին, որ Վիետնամում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակումների ամենօրյա թվաքանակն առայժմ մնում է բարձր, գերակշռող շտամն օմիկրոնն է եւ հոսպիտալացումների ու հիվանդության ծանր ընթացքով դեպքերի քանակը մեծ չէ եւ շարունակում է նվազել, ասվում է փաստաթղթում:

COVID-19-ի դեմ լրիվ պատվաստումների մակարդակը երկրի չափահաս բնակչության շրջանում կազմում է ավելի քան 98 տոկոս: 14-օրյա անայցագիր մուտքը Վիետնամ այժմ, ինչպես եւ COVID-19-ի համավարակից առաջ, թույլատրված է 13 երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի եւ Բելառուսի քաղաքացիներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս