«Կայուն «մանթրաժ» վիճակը դեռ պահպանվում է.․․ մի «կոնտր ատակա» չկա, որ սրանց ձենը կտրի». Արարատ Աղաբեկյան
Գորիսի և Տեղ համայնքների ուղղություններով թշնամին սադրանքների չի դիմել, իրավիճակը հանգիստ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը։
«Մեզ մոտ սադրանքներ չկան, բայց կայուն «մանթրաժ» վիճակը դեռ պահպանվում է։ Բայց դե, դեպի հարավային կողմ կրակոցներ եղել են, մենք էլ ենք հետևում լրատվությանը։
Ինչ վերաբերում է Ներքին Հանդի ուղղությամբ թշնամու առաջ գալուն, ապա ես էլ այդքանը գիտեմ, ավելին չգիտեմ։ Պարզ ասեմ՝ լավ բանի չենք սպասում, կարող եմ պնդել, որ պատերազմը չի ավարտվել, պնդում եմ, որ այդպես է, և չի էլ ավարտվելու, քանի որ մենք շրջապատված ենք թշնամիներով։ Բարիդրացիական հարաբերություններ, «խաղաղության դարաշրջան» և այլն, նման բաները մեզ համար չեն, ես չգիտեմ՝ դա ում համար է, բայց հաստատ մեզ համար չէ»,- նշեց Արարատ Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանություններն առաջնորդվում են թշնամու առաջ քաշած նախապայմաններով, ինչը թուլության նշան է։
«Մի «կոնտր ատակա» չկա, որ սրանց ձենը կտրի։ Նույնիսկ, եթե հարևանդ լինի, որ բերանը չփակես, ձայնը ամեն օր մի տոն բարձրացնելու է։ Սա մեր ղեկավարության թուլության շնորհքն է»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։
Նա անդրադարձավ նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջանի կազմում հարցը պետք է քննարկվի։
«Ես միայն մեկ բան կասեմ՝ «ղալաթ ա» անում, որ նման հարցը դնում է քննարկման։ Ինքն այստեղ քննարկման հա՞րց է տեսնում, այսինքն՝ պե՞տք է հարևանություն անենք թշնամու հետ։ Կրկնում եմ՝ «ղալաթ ա» անում։ Գիտե՞ք՝ խնդիրը որն է, որ ժողովրդի կարծիքը կամ վերաբերմունքն իրենց քննարկած հարցերի վերաբերյալ չեն հարցնում, միայն իշխանության անդամների կարծիքն է, ամեն ինչ անում են, հետո բարդում ժողովրդի վրա։ Հետո էլ ասում են, թե ժողովուրդը թույլ էր, բա թող ժողովրդից հարցնեն՝ նոր հայտարարություն անեն։ Կամ իրենք ովքե՞ր են, ի՞նչ դիվանագետներ են, որ մի բան էլ հարց են դնում քննարկման, որտեղի՞ց են դրանք եկել, ի՞նչ գաղափարի տեր մարդիկ են։ Դրանցից մեկն ու մեկը հայրենիքի, ազգասիրության համար որևէ բան արած կա՞։ Այնպես են արել, որ մարդիկ դարձել են ալյումինից մի «պրովոդ», ինչպես ծռում են, այնպես ծռվում են։ Մարտական ուղի անցած այնքան տղաներ կան, որ ժամանակին առյուծներ էին, բայց այսօր դարձել են մաքուր կատուներ, դե, անուններ չեմ տալիս, բայց կան բարձրաստիճան պաշտոնյաններ, որ կատու են դարձել, ինչպես ծռում են, այնպես ծռվում են՝ մոռանալով իրենց ու ընկերների մարտական անցած ուղին»,- շեշտեց Արարատ Աղաբեկյանը։