«Կաթիլ» խումբը ներկայացրել է «Հոսք» կարճամետրաժ վավերագրական կինոնկարը
Ինդի ֆոլկ ժանրում ստեղծագործող «Կաթիլ» խմբի «Հոսք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմում, որն ուղեկցվում է իմպրովիզացիոն երաժշտությամբ, ներկայացված են Հայաստանի, Արցախի բնապատկերների գեղեցկությունը, մարդկանց նիստուկացն ու մտահոգությունները: Ինչպես նշվում է ֆիլմին կից հրապարակված գրառման մեջ, նկարահանումներն իրականացվել են «հոսող ճանապարհից»՝ լույսին հասնելու և հույսը տարածելու համար:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի կիթառահար, երգիչ Սևադա Համբարչյանն ասում է՝ ֆիլմը նկարահանվել է «Կաթիլ»-ի՝ Հայաստանում և Արցախում կազմակերպված շրջագայության ժամանակ:
«Ֆիլմի ռեժիսոր Գևորգ Ներսեսունին, օպերատոր Արթուր Սարգսյանը գեղեցիկ կադրերի ու մոնտաժի միջոցով փորձել են ցույց տալ, թե որտեղ, ինչ պայմաններում ենք մենք ապրում, թե ինչ գեղեցիկ է բնությունը, որքան զանազան ու հետաքրքիր է Հայաստանը: 9 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է iPhone-ի միջոցով, սակայն որակով չի զիջում պրոֆեսիոնալ տեսախցիկներով նկարահանված կարճամետրաժ ֆիլմերին»,-նշում է Համբարչյանը:
«Կաթիլ»-ը նախատեսում է ապրիլին YouTube-ում հրապարակել «Ակներ» ալբոմում ընդգրկված մի քանի ստեղծագործություն՝ դրանք երաժշտասերների լայն շրջանակին հասանելի դարձնելու համար: «Ակն» երգի հիման վրա էլ տեսահոլովակ են նկարահանելու:
Խոսելով խմբի լսարանի մասին՝ Սևադա Համբարչյանն ուրախությամբ է փաստում, որ այն անվերջ փոխվում է, համալրվում է նոր դեմքերով: «Ամեն համերգի ժամանակ նոր մարդկանց ենք տեսնում, ինչի համար շատ ուրախ ենք»,-ասում է երգիչն ու նկատում՝ Հայաստանում տարբեր խմբերի գործունեության ուղղվածությունը դեպի հայկականն է գնում: Նրա խոսքով՝ եթե տարիներ առաջ Հայաստանում գերակշռում էին «քավր» կատարող խմբերը, ապա այժմ շատացել են այն խմբերը, որոնք վերամշակում են հայկականը: «Վերամշակող խմբերին խորհուրդ եմ տալիս պահպանել ազգային երաժշտության յուրահատուկ մեղեդային կառուցվածքը, որովհետև երբեմն այնպես են մշակում, որ երգն իր բովանդակությամբ ու տեսակով ամբողջովին փոխվում է: Եթե կարողանանք պահպանել երգի էներգետիկան, կշահենք, եթե ոչ՝ կկորցնենք»,-շեշտում է Սևադա Համբարչյանն ու տեղեկացնում, որ առաջիկայում «Կաթիլ»-ը բացօթյա համերգներով հանդես կգա Երևանի տարբեր հատվածներում՝ փորձելով յուրովի ներկայացնել մեր մայրաքաղաքը:
«Կաթիլ»-ը հիմնադրվել է չորս տարի առաջ: Այն բաղկացած է հինգ երաժշտից: Հայկական փողային գործիքներ է նվագում Գրիգոր Քարտաշյանը, հայկական հարվածային գործիքներ՝ Գրիգոր Դավթյանը, կիթառահարն է Արեգ Սուքիասյանը, Ռոբերտ Սիմոնյանը` բաս, մեներգիչն ու կիթառահարը Սևադա Համբարչյանն է: Խումբը ստեղծագործում է ինդի ֆոլկ ժանրում, ինչն ազատություն, անկախություն է խորհրդանշում: Այստեղ կարևոր է երգի մշակման ազատությունը: Խմբի անդամներից յուրաքանչյուրն իր մոտեցումները, գաղափարներն է փոխանցում երգերին: Արդյունքում բոլորովին այլ, հետաքրքիր երաժշտություն են ստանում:
Խմբի հիմնական նպատակն աշխարհին հայկականը ներկայացնելն է, մատուցել հայկական տարրերով, հայկական ժամանակակից գործիքներով ստեղծագործություններ, ստեղծել հեղինակային գործեր:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով խմբի անվանը՝ Սևադան նշել է, որ շատ են ցանկացել, որ այն առնչվի ջրի հետ, քանի որ ջուրը ամենակարևոր տարրերից է, իսկ Հայաստանում համար մեկ տեղում է: «Հայերը ջրի հետ շատ են կապված. մեր հուշարձաններն անգամ անմիջական կապ են ունեցել ջրի հետ: «Կաթիլ», որովհետև երաժշտության ծովում մենք մի կաթիլ ենք: Կաթիլը փոքր մասնիկ է, բայց մեծ ուժ ունի»,-եզրափակել էր Համբարչյանը: