16-ամյա Հակոբ Հովհաննիսյանը հաղթել է «Դալիի բեղերը» միջազգային հեղինակավոր մրցույթում
Իսպանիայում անցկացվող «Դալիի բեղերը» (Dali’s Mustache) կիրառական և դեկորատիվ արվեստի, դիզայնի և լուսանկարչության միջազգային առցանց մրցույթում, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրից և մրցում 7 տարիքային խմբերում, 16-ամյա Հակոբ Հովհաննիսյանը գրավել է 1-ին հորիզոնականը՝ ներկայացնելով բնության լուսանկարը:
Հակոբը «Դալիի բեղերը» մրցույթի մասին պատահաբար է իմացել։ Համացանցում միջազգային մրցույթների մասին տեղեկատվություն փնտրելիս է հանդիպել «Դալիի բեղերը» միջազգային մրցույթի մասնակցության հայտին։ Առանց վարանելու համարձակ պատանին որոշել է փորձել իր ուժերը լուսանկարչական մրցույթում։
«Սիրում եմ նկարել բնություն, բնական երևույթներ՝ արևածագ, մայրամուտ, անձրև, ցող․․․ Մրցույթում հաղթանակ բերած այս աշխատանքն էլ պատահական եմ լուսանկարել։ Այն իմ կատարած վերջին աշխատանքն էր։ Այս աղավնին մեր բակում էր, որոշեցի լուսանկարել ու արդյունքում ունեցա այս ստացված լուսանկարը: Հետո այն հաղթանակ բերեց ինձ»,- ժպիտով արձանագրում է պատանի լուսանկարիչն ու ուրախությամբ շեշտում․ «Սա իմ առաջին հաղթանակն էր։ Միջազգային դիպլոմ ունենալն ինձ համար արդեն իսկ հաջողություն է, և հնարավորություն՝ շարունակաբար մասնակցելու տարբեր երկրներում կայանալիք մրցույթներին։ Այն ինձ հնարավորություն ընձեռեց ամռանը մեկնելու Իսպանիա և այնտեղ ներկայանալու իմ աշխատանքներով»։
16-ամյա պատանի լուսանկարիչը նկարել սկսել է 5 տարեկանից։ Այսօր սովորում է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Լուսանկարչական գործ» մասնագիտության առաջին կուրսում։
«Լուսանկարչությունն ինձ համար և՛ հոբի է, և՛ մասնագիտություն։ Շնորհիվ քոլեջի իմ կուրսղեկ Գեղամ Հախվերդյանի, կարողանում եմ կատարելագործվել և ավելի գրագետ աշխատանքներ ստանալ»,- երախտագիտությամբ շեշտում է նա:
«Դալիի բեղերը» հնարավորություն է տալիս ցուցադրելու սեփական աշխատանքներն առցանց պատկերասրահում, որտեղ ամբողջ աշխարհից այցելում են հարյուր հազարավոր մարդիկ: Մրցույթը թույլ է տալիս նաև վաճառել աշխատանքներն օտարերկրյա գնորդներին: «Դալիի բեղերը» միավորում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Արևելյան Եվրոպայի, Ասիայի երկրների մշակութային գործիչներին: Ըստ կատարման ժանրերի և անվանակարգերի՝ մրցանակները բաշխվում են յոթ տարիքային խմբերում՝ մինչև 70 միավոր վաստակած մասնակիցները դառնում են դիպլոմակիրներ (պղնձե դիպլոմ), այն մասնակիցները, որոնք հավաքել են 70-ից 79 միավոր՝ երրորդ աստիճանի դափնեկիրներ (բրոնզե դիպլոմ), իսկ մասնակիցները, որոնք հավաքել են 80-ից 89 միավոր, դառնում են երկրորդ աստիճանի դափնեկիրներ (արծաթե դիպլոմ), իսկ 90-ից 99 միավոր վաստակած մասնակիցները դառնում են առաջին աստիճանի դափնեկիրներ (ոսկե դիպլոմ), և վերջում՝ 100 միավոր վաստակած մասնակիցները դառնում են «Dali’s Mustache» մրցույթի գրան-պրի մրցանակակիրներ (պլատինե դիպլոմ):