Սոցապ նախարարն ա իրանց մեջքը, Փարաքարում կրել ենք, զոռբայությամբ զավթել են. բնակիչ
Փարաքար համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անցկացրել Կառավարության մոտ՝ պահանջելով համայնքում նոր ընտրություններ անցկացնել:
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ավագանու լիազորությունները դադարեցնելու հարցում կառավարությունը պարտավոր էր պահպանել օրենքի 69-րդ կետը:
«Դիմել ենք դատարան, ընթանում է դատական գործընթաց, վաղը կունենանք Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսօրվա մեր ակցիայի նպատակն այն է, որ կառավարությունը չմիջամտի դատական համակարգին, թողնի դատական համակարգն անկախ, որպեսզի դատարանն իր որոշումը ճիշտ կայացնի: Դատարանը պետք է պարտավորեցնի Կառավարությանը, որպեսզի Փարաքար խոշորացված համայնքում արտահերթ ընտրություններ կայացվեն. ավագանին պետք է լուծարվի: Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ առաջին ավագանու նիստը, որում ես՝ որպես համայնքի ղեկավար, ընտրվեցի: Ընտրության արդյունքները բողոքարկվեցին: Կուզեի ամբողջ ազգը ներկա լիներ այդ դատավարությանը, տեսներ այդ ամեն ինչը, ու բոլորին պարզ կլիներ, թե ինչ պայմաններում է դատական վճիռ կայացվում: Ծիծաղելի փաստ է»,- ասաց Վոլոդյա Գրիգորյանը:
Հարցին՝ Դուք նկատե՞լ եք, որ կառավարությունը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, Վոլոդյա Գրիգորյանը պատասխանեց. «Դատական պրոցեսին ներկա գտնվելուց չհասկացողն էլ հասկանում է, որ այդտեղ ինչ-որ ճնշում կա»:
Բնակիչներից մեկն էլ, թե՝ «Սոցապնախարարն է պաշտպանում, դրա համար էլ անարդարություն են բան անում: Մենք կրել ենք՝ 50 տոկոսից էլ ավելի, բռնել են ՝ անվավեր են արել, հիմա էլ եկել են, զոռբայությամբ զավթել են. դա գյուղապետարան չի: Թող գան՝ գնանք թազա ընտրություն անենք, կրի՝ գնանք շնորհավորենք»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում էր:
Համայնքապետի թեկնածուի համար պայքարում է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր Լյուդվիգ Գյուլնազարյանը: «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, որը Մերձավան համայնքի ներկայիս ղեկավար Լևոն Գրիգորյանի որդին է, իսկ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորում էր Փարաքար համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանը:
ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները (ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը) և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:
Հունվարի 9-ի ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» դաշինք և ՔՊ խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանը ընտրվել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել ավագանու 11 անդամները: Նշենք, որ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները ունեին 10 մանդատ, սակայն նրանք վայր են դրեցին մանդատները և հեռացան նիստերի դահլիճից: