Նիկոլի իրական ու հորինված թշնամիները․ պադավատ՝ պետության դիմաց

Թշնամու կերպարը կարևոր նշանակություն ունի քաղաքականության մեջ։ Այն կիրառվում է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության ասպարեզում։ Արտաքին թշնամու կերպարը պետություններին, այդ թվում՝ գերտերություններին, օգնում է երկրի ներսում իրականացնել համապատասխան քաղաքականություն, դրա վրա կառուցել ընդհուպ գաղափարախոսություններ, ինչպես, օրինակ՝ Սառը պատերազմի տարիներին անում էին ԱՄՆ-ը ու ԽՍՀՄ-ը։

Արտաքին թշնամու կերպարը որևէ երկրի իշխանությանը թույլ է տալիս ներսում ապահովել կոնսոլիդացիա իշխանության շուրջ՝ դա ծառայեցնելով իշխանության պահպանման նպատակին։ Եթե պատահում է, որ իշխանությունն առաջնորդվում է ոչ թե նեղ խմբակային, այլ պետական շահերով, ապա արտաքին թշնամու կերպարն օգտագործվում է հանրությանը պետության շուրջ համախմբելու նպատակով։

Բայց քաղաքականության մեջ կիրառվում են ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին թշնամու կերպարներ։ Ընդ որում, և՛ արտաքին, և՛ ներքին թշնամիները կարող են լինել ոչ միայն իրական, այլ նաև մտացածին, հորինված։ Քաղտեխնոլոգիաների ցանկացած դասագրքերում մանրամասն նկարագրված է այդ մասին։ Հայաստանը ևս զերծ չէ իրական ու մտացածին թշնամիներից՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին, ընդ որում, ինչպես իրական, այնպես էլ՝ հորինված։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ մեր պարագայում խախտված է արտաքին և ներքին թշնամիների միջև հավասարակշռությունը։ Թշնամու կերպարները մեծագույն ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Մեծ հաշվով, նա իշխանության է եկել մասամբ իրական, ավելի շատ՝ հորինված թշնամիների դեմ «պայքարի» շնորհիվ, և իշխանության գալով՝ շարունակել է «ներքին թշնամիների», իմա՝ նախկինների դեմ պայքարը, քանի որ նրանց համարել է իր իշխանությանն ուղղված սպառնալիք։

Զուգահեռաբար, սակայն, նա հետևողականորեն փորձել է փոխել արտաքին, ընդ որում՝ իրական թշնամու կերպարի ընկալումը։ Իլհամ Ալիևին «կիրթ ու կառուցողական» անվանելն այդ գործընթացի միայն երևացող մասն էր։ Փաշինյանական իշխանության չորս տարիների ընթացքում ու հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո իշխանությունը, դրա ուղղակի ու անուղղակի քարոզիչներն անում են ամեն ինչ արտաքին թշնամուն՝ Ադրբեջանին ու Թուրքիային մաքրազերծելու համար, փոխարենը՝ սաստկացնելով «ներքին թշնամու» դեմ պայքարը։

Պատճառը կրկին իշխանությունն է․ եթե «ներքին թշնամիներից» Նիկոլ Փաշինյանը վտանգ է տեսում իր իշխանության, իր աթոռի համար, ապա արտաքին թշնամիները ճիշտ հակառակը՝ նրա համար հնարավորություն են՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։

Եթե «ներքին թշնամին» կարող է սպառնալ իր իշխանությանը, ապա արտաքին թշնամին կարող է և սպառնում է Հայաստանի շահերին ու անվտանգությանը։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի համար առաջնայինը հենց իշխանության և ոչ թե պետության շահն է, նա իր պայքարը կառուցում է դրան սպառնացողների դեմ՝ այդ ճանապարհին օգտագործելով, այդ թվում՝ նաև Հայաստանի իրական թշնամիներին։

Թշնամիների կերպարի այս մանիպուլյացիան Նիկոլ Փաշինյանն օգտագործում է հմտորեն՝ վայրկյան իսկ չմտածելով, որ ինքը կարող է այդուհանդերձ պահպանել իշխանությունը, սակայն՝ առանց պետության։ Երևի այն պատճառով, որ իր համար մեծ հաշվով կարևոր չէ՝ ծառայողական ավտոմեքենայի պետհամարանիշի վրայի դրոշը կլինի հայկակա՞ն, թե՞ թուրքական, ադրբեջանական կամ ռուսական։ Կարևորը ոչ թե դրոշն է, այլ ավտոմեքենան, ինչպես որ պադավատապետությունից հատկապես ու առանձնապես կարևոր է ոչ թե պետությունը, այլ պադավատը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս