«Անձ է եղել՝ ասել է՝ ինձ տառ-տառ են թելադրել, որովհետև տառերը չգիտեմ…». Գայանե Պապոյան
«Ըստ մեղադրանքի՝ այն կարծես թե կապ չունի Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքի հետ, սակայն Լուսինե Ավետյանի և այս գործով պաշտպանական թևի կարծիքով՝ սա լրացուցիչ ճնշում է տիկին Ավետյանի նկատմամբ: Նախաքննության ընթացքում Լուսինե Ավետյանը երկու անգամ արդարացնող բնույթի ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետ Առուշանյանի վերաբերյալ, որից հետո Ավետյանին կալանավորել են, ինչից հետո Լուսինե Ավետյանը փոխել է ցուցմունքը, և Առուշանյանը կալանավորվել է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի պաշտպան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալին նոր մեղադրանք առաջադրելուն:
Վերջինս նկատեց՝ դատարանում արդեն Լուսինե Ավետյանն ասել է, որ այլևս չի կարողանում իր խղճի հետ հանգիստ լինել, ու բարձրաձայնել է օբյեկտիվ իրականությունը, ասել, որ իր տված մեղադրական բնույթի ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, որ իր վրա ճնշում է գործադրվել դրանք տալու համար:
«Դրանից հետո իշխանությունները, այն անձինք, ովքեր «կարել են» այս գործը, տեսնում են, որ Առուշ Առուշանյանի դեմ չկա որևէ ցուցմունք, որովհետև այս գործով որևէ այլ անձ մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել, Լուսինե Ավետյանն էլ հրաժարվել է իր մեղադրական ցուցմունքից, ու գործը քանդվում է, ապագա չունի, և որոշել են Լուսինե Ավետյանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ գործադրել, որ նա բարոյահոգեբանական ճնշման տակ կրկին գնա գործարքի և դատարանում ցուցմունքները փոխի»,- ասաց Գայանե Պապոյանը:
Պաշտպանի խոսքով՝ այս դեպքով Լուսինե Ավետյանը երբևէ չի հրավիրվել, իրենք չեն իմացել, որ գործ կա հարուցված, հիմա միանգամից Գորիսի քննչական բաժնում գործը հարուցվել ու մեղադրանք է առաջադրվել, և Լուսինե Ավետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
«Լուսինե Ավետյանը պատրաստ էր այս մեղադրանքին, նա պատրաստ է անգամ սուտ մատնության համար պատասխանատվության ենթարկվելու: Բացառում ենք, որ հիմա նա կփոխի ցուցմունքը, հատկապես որ, նա երկու անգամ արդեն ասել է, որ այդ գումարները որպես սոցիալական օգնություն են տրվել, և որևէ մեկը չի հարկադրել որևէ անձի մասնակցել ընտրություններին, կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին կամ գնալ հանրահավաքի»,- ասաց Գայանե Պապոյանը:
Նրա խոսքով՝ Առուշանյանը 26 հոգու է սոցիալական օգնություն տրամադրել, ապրիլի 29-ին Առուշանյանի մոտ եղած բոլոր անձինք հետագայում հարցաքննվել են, և բոլորն էլ նշել են, որ հանդիպման ընթացքում որևէ խոսակցություն չի եղել՝ ընտրությունների հետ կապված:
«Հունիսի 8-ին կայացած հանրահավաքին մասնակցելուց հետո միայն արդեն կարողացել են որոշակի լծակներ գործադրելով՝ այդ 26-ից 6-ի վրա ազդել: Եթե օբյեկտիվ իրականության մեջ եղել է այդ դեպքը, հնարավո՞ր էր 20 հոգու լռեցնել: Ինչո՞ւ նրանք որևէ փաստական տվյալ չեն ներկայացրել, այլ միայն այս 6-ը: Այս 6-ից 4-ին արդեն հարցաքննել են, նրանց, ովքեր հաղորդում են ներկայացրել, այդ մարդիկ անգամ չգիտեն՝ հաղորդումն ինչ է, Ռոբերտ Քոչարյանը ՀՀ որերորդ նախագահն է, բայց հաղորդման մեջ գրել են՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավին մասնակցելուն հարկադրելը… Նրանք անգամ չգիտեն՝ քարոզարշավն ինչ է, որոշները տառաճանաչ չեն, ընթերակայով են հարցաքննվել»,- նկատեց փաստաբանը:
Գայանե Պապոյանը նշեց՝ այդ անձինք դատարանում ասել են, որ իրենց թելադրել են, իրենք էլ գրել են:
«Անձ է եղել, որ ասել է՝ ինձ տառ-տառ են թելադրել, որովհետև տառերը չգիտեմ: Դատարանում այդ անձանց թուղթ ու գրիչ տվեցինք, բառեր թելադրեցինք, չկարողացան գրել. Դատարանը փաստեց, որ վկաներից մեկն ունի ընկալման խնդիր»,- ասաց Գայանե Պապոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում