Բաժիններ՝

44-օրյա պատերազմի օրերին ուղարկված օգնության մի մասը դեռ մաքսակետերում է, ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ կսկսեն մաքսազերծման գործընթաց

«Մենք նախորդ տարի, երբ հրապարակում էինք հարկային եկամուտների աճը, նաև մեր գնահատականն էինք տալիս, թե գնաճը որքան ազդեցություն կարող է ունեցած լինել եկամուտների վրա։ Եվ դա նշանակալից ազդեցություն չէր, մենք թվերով ներկայացրել ենք, թե եկամուտներն ինչքան են կազմել, և գնաճը որքան ազդեցություն կարող էր ունենալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով գնաճի ազդեցությանը հարկային եկամուտների վրա։

Ըստ նրա, փետրվարի 24-ից  սկսած   մշակել են հստակ հաշվետվության ձևեր և դիտարկում են, թե որ շուկայում ինչ փոփոխություններ  են տեղի ունենում։

«Մենք հստակ իրավիճակը թվերով գնահատում ենք, բայց այս պահին ինչ-որ բան հրապարակելու չկա, քանի որ ժամանակահատվածը փոքր է, որպեսզի մենք կարողանանք դրա հիման վրա որևէ կանխատեսում անել։ Մարտ ամսվա հարկային մուտքերը ներկայացվելու են մինչև ապրիլի 20-ը, այսինքն՝ մենք այս պահին այդ տեղեկությունները չունենք, սակայն օպերատիվ դիտարկումներ ենք անում՝ արտահանումների մասով նվազում ունե՞նք, թե՞ ոչ, համեմատած նախորդ տարվա հետ։ Բայց կրկնում եմ, եթե որևէ թիվ հրապարակենք, կարող է խիստ մանիպուլյատիվ լինել, որովհետև իրականում, օրինակ, լինի նվազեցում, բայց ընդհանուր բիզնեսը պլանավորում է իր գործունեությունը, ունի շուկա, և այդ շուկայում խաղում է և ինքն է պլանավորում՝ արտահանումը կազմակերպել մարտի առաջի՞ն օրերին, թե՞ վերջում»,- հավելեց ՊԵԿ նախագահը։

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ դրսից ուղարկված օգնությունների մի մասը դեռ մաքսակետերում են, քանի որ չեն մաքսազերծվում, Ռուստամ Բադասյանն ասաց, որ նամակներ են ուղարկել պետական գերատեսչություններին, որ այն ապրանքները, որոնք նրանց անուններով են հասցեագրված՝ մաքսազերծման գործընթացը պետք է ավարտեն։

«Գույքագրել ենք այն ապրանքները, որոնք առկա են մաքսային հսկողության գոտում, և ներկայացրել ենք իրենց, որպեսզի շուտափույթ այդ հարցն ավարտին հասցնենք։ Օրինակ՝ տարընկալում է եղել, որ  ԱԻՆ-ը՞ պետք է ստանա այդ ապրանքը, թե՞, օրինակ, Առողջապահության նախարարությունը։ Հիմա մենք ամփոփել ու ներկայացրել ենք, կարծում եմ՝ այդ խնդիրը կառավարության անմիջական հսկողության տակ է և շատ շուտով կլուծվի»,- եզրափակեց Ռուստամ Բադասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս