ԵԽԽՎ-ն քվեարկել է Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու օգտին
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին միաձայն կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այդ մասին ասվում է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» է քվեարկել 216 մարդ, երեքը ձեռնպահ են մնացել:
«Վեհաժողովը, միաձայն քվեարկելով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել՝ միջնորդել, որպեսզի Ռուսաստանն «անհապաղ դուրս գա Եվրոպայի խորհրդից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլեւս չի կարող լինել կազմակերպության անդամ պետություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել էր, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումն ընդունվել է, ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել է ԵԽ-ի գլխավոր քարտուղարին:
«Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին որոշումն ընդունվել է: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համապատասխան նամակը հանձնվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին»,-մարտի 15-ին Տոլստոյը գրել է իր Telegram-ալիքում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդից դուրս է գալիս սեփական կամքով, դա կշռադատված եւ լավ մտածված որոշում է»: Ռուսաստանը նաեւ կչեղարկի Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եւս չորս կոննվենցիաներ եւ, հնարավոր է, մի շարք փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՌԴ-ի շահերին, հայտարարել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: