«Թշնամու նպատակն այն է, որ մարդիկ հիասթափվեն ու հեռանան, բայց Արցախում մնալով՝ մենք մեր հարցը լուծում ենք». Նախիջևանիկի գյուղապետ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի ուղղությամբ թշնամու ձեռնարկած սադրանքների արդյունքում որոշ ժամանակով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Նախիջևանիկի գյուղապետ Սևակ Պետրոսյանը։

«Կարելի է ասել, որ հունվարի 10-ից հետո գյուղում ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարվել։ Հունվարի 10-ին թշնամին ակտիվ կրակում էր դաշտում աշխատողների ուղղությամբ, դրանից հետո շատ պասիվ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվել։ Ես չեմ կարող ասել, թե թշնամին այս պահին ինչ նպատակներ է հետապնդում, բայց կարծում եմ՝ այս պահին նրա նպատակն այն է, որ մարդիկ չկարողանան հող մշակել, ամեն ինչից հիասթափվեն ու գնան»,- նշեց Սևակ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ բնակիչները խուճապի չեն մատնվում, փոխարենը՝ փորձում են հարմարվել, իրենց հողը մշակել ու գյուղում ապրել։

«Թշնամին գյուղի ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից է կրակում։ Եթե փոքր զինատեսակներից են կրակում, գյուղին չի հասնում, մոտ 2-3 կմ հեռավորության վրա են ընկնում։ Մեկ շաբաթ առաջ ականանետից են կրակել, ականն ընկել է տներից 2-3 հարյուր մետր հեռավորության վրա։ Մարտի 9-ին էլ տրակտորը դաշտում է եղել, հաջորդ օրը գյուղացին գնացել-տեսել է, որ ամբողջությամբ վնասված է եղել։ Ես այս խնդրի լուծումը տեսնում եմ հետևյալ կերպ՝ Արցախում մնալով, մենք մեր հարցը լուծում ենք, կրկնում եմ՝ Արցախում ապրելով՝ խնդիրը լուծում ենք»,- շեշտեց Սևակ Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ մարտի 9-ի երեկոյան ժամերից մինչև 10-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծվել ու վնասվել է Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գտնվող այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո հողօգտագործողի կողմից դաշտում կայանված տրակտորը։

Հիշեցնենք նաև, որ մարտի 7-ից սկսած թշնամին Արցախի տարբեր գյուղերի ուղղությամբ կրակոցներ է արձակում տարբեր զինատեսակներից, որին զուգահեռ՝ բարձրախոսներով ահաբեկում է խաղաղ բնակչությանը՝ կոչ անելով լքել գյուղերը, հակառակ դեպքում կմտնեն և բոլորին կսպանեն։

Լուսանկարը՝ hetq.am-ի

Տեսանյութեր

Լրահոս