Ավտոտեխսպասարկման կետից անվադողեր էին գողացել
Անցած տարվա հոկտեմբերի 26-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացվել էր հաղորդում, որ Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի ավտոտեխսպասարկման կետից գողացել են անվադողեր ու անվահեցեր: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, սակայն հանցագործությունն արագ բացահայտել չէր հաջողվել:
Խանգարող հանգամանք էր նաև այն, որ գողության մասին իրավապահներին հայտնել էին դեպքից 22 օր անց: Մտածել էին, թե սեփական ուժերով կգտնեն գողին։
Մարտի 7-ի երեկոյան Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մարտունի քաղաքի 42-ամյա մի բնակչի: Նա խոստովանեց, որ հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը վեցին մոտ, ինքն էր գողացել երեք անվադողը` անվահեցերով:
Գողոնը հայտնաբերվել է, նախաքննությունը շարունակվում է: