Ադրբեջանցիներին ու թուրքերին ՀՀ-ում պետական գույք չի վաճառվել, հողի վերաբերյալ հարցն էլ ինձ ուղղված չէ. Առնակ Ավետիսյան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն տեղեկություններին, որ ազգությամբ արաբ հանդիսացող մարդիկ, որոնք իրականում Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիներ են, մեծ թվով անշարժ գույք են ձեռք բերել ՀՀ տարբեր հատվածներում։

«Իրականում այս հարցն ինձ ուղղված չէ, եթե ձեռք են բերում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից ձեռք են բերվում որոշակի հողատարածքներ, ապա ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը։ Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականության իրավունք կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները։ Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառում եմ՝ չկան»,- նշեց Ա. Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ պետք է տարբերակել անշարժ գույք և հողատարածք հասկացությունները։

«Անշարժ գույքի տվյալներ մենք չունենք, պետական գույք, որպես այդպիսին, չի օտարվել ոչ ռեզիդենտներին»,- հավելեց Առնակ Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքին, Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ մրցույթին փաստացի մասնակցել է մեկ կազմակերպություն, որը ներկայացրել էր համապատասխան գնային առաջարկ և ներդրումային ծրագիր, արդյունքում՝  այդ կազմակերպությունն էլ գնել է հյուրանոցը։

Տեսանյութեր

Լրահոս