
Մեծ Բրիտանիան բախվել է հակառուսական պատժամիջոցների նոր հետևանքի. The Daily Telegraph

Ռուսական հատիկավոր վառելափայտի գնման սահմանափակումները խորացնում են էներգետիկական ճգնաժամը, որին բախվում է Մեծ Բրիտանիան: Այդ մասին գրում է The Daily Telegraph թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, մինչեւ վերջին ժամանակներս Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար եղել է ջեռուցման համար օգտագործվող հատիկավոր փայտանյութի խոշոր մատակարարը, սակայն այժմ բրիտանացի ներմուծողները փորձում են շտապ կարգով գտնել գնումների այլընտրանքային աղբյուրներ: Ռուսաստանից հատիկավոր վառելափայտի մատակարարումների դադարեցումը նոր պատժամիջոցների ֆոնին կհանգեցնի ջեռուցման գների կտրուկ ավելացման կենսավառելիքով աշխատող կաթսայատների տեղերի համար, ասվում է նյութի մեջ:
Այսպես, կառավարության աջակցության ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հազարավոր բրիտանացի տնատերեր եւ գործարարներ անցել են վառելիքի հատկապես այդ տեսակն օգտագործող ջեռուցման համակարգերին: The Daily Telegraph-ի տվյալներով, հատիկավոր վառելափայտի գները երկրում արդեն ավելացել են 25-40 տոկոսով՝ 1 տոննայի դիմաց հասնելով 385 ֆունտ ստեռլինգի մակարդակի:
Ինչպես թերթին տված հարցազրույցում պատմել է UK Pellet Council առեւտրական կազմակերպությունը գլխավորող Մարկ Լեբուսը, ներկայում շտապ կարգով մշակվում են մատակարարումների միջազգային համակարգի վերակազմավորման այլընտրանքային միջոցներ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ռուսաստանյան հատիկավոր վառելափայտի գնման արգելքը կազդի ամբողջ աշխարհում մատակարարումների վրա:
«Հետեւանքները կզգան նաեւ մյուս այն երկրները, որոնք այժմ պայքարում են այդ նույն մատակարարների լավագույն արտադրանքի համար»,-նախազգուշացրել է UK Pellet Council-ի ներկայացուցիչը: Լեբուսի խոսքով՝ բրիտանական կառավարությունը կջանա կազմակերպել հատիկավոր փայտանյութերի ներքին արտադրություն: «Մեծ Բրիտանիան չի կարողանա ապահովել անհրաժեշտ քանակությամբ վառելիք, ուստի մենք պետք է ներմուծենք զգալի ծավալներ, եւ մենք անխուսափելիորեն կներքաշվենք սաստկացող էներգետիկական ճգնաժամի մեջ»,-ամփոփել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: