«Եթե կորցնենք հայրենիքը, ապա այլևս իրավունք չունենք որպես ազգ ապրելու. սա պետք է գիտակցենք այսօր, հետո ուշ է լինելու». Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ այսօր աշխարհի յուրաքանչյուր ծայրում ապրող հայ պետք է գիտակցի, որ հայրենիք է կորցնում, և հայրենիքը պահպանելու գիտակցմամբ էլ պետք է միավորվի։

«Առհասարակ մեր միավորման, համախմբման հարցը վաղուց պետք է հնչեր, որովհետև սա զուտ անձնական հարց չէ, այլ գլոբալ, մեր ինքնության, ապագայի, հավիտենական քայլող ազգի ճակատագրի հարցն է։ Եթե մենք պասիվ ու կրավորական դիրք ենք բռնում, անտարբեր ենք, ի՞նչ պետք է լինի մեր վիճակը, բնականաբար, շատ բարդ։ Թշնամու կողմից իրականացվող յուրաքանչյուր սադրանք մեր կողմից, չգիտես ինչու, դիտարկվում է կենցաղականից էլ ավելի ցածր որոշակի երևույթ, և դրան չենք էլ անդրադառնում, որ դա թշնամու նախնական ծրագրերի մեջ է  մտնում, և այն իրենք կամաց-կամաց առաջ են տանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին և հայության անելիքներին։

Ըստ Արցախի թեմի առաջնորդի, եթե այսպես շարունակվի, ապա հասնելու ենք մի հանգրվանի, որտեղ դժվար պետք է լինի համապարփակ ծրագիր կազմել, որը կդառնա հայ ազգի փրկության համար՝ որպես ծրագիր։

«Շատ ենք ուշանում ամեն ինչի մեջ և կարծես թե կցորդված քայլում ենք, որ տեսնենք, թե ադրբեջանական կողմն ինչ է անելու, որից հետո զուտ լրատվական մակարդակով մի խոսք ասենք։ Այս առումով բոլոր ուղղությունները՝ պետականից սկսած, վերջացրած ամենացածր օղակներով, պասիվ են, պասիվ են, պասիվ են և դրա արդյունքն էլ այն կլինի, որ մենք կկորցնենք, կկորցնենք ու կկորցնենք»,- հավելեց սրբազանը։

Նա ընդգծեց՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ պետություն է կորցնում, մի պետություն, որի մասին հայի նախնիները երազել են։

«Եթե նա գիտակցում է՝ ինչ է պետությունը, ապա դա նշանակում է, որ հայրենիքը սրբազան երևույթ է, որն այսօր կորցնելու վտանգի առաջ է կանգնած։ Իսկ եթե մարդը չի գիտակցում՝ ինչ է հայրենիքը, նրա համար ծննդավայրն այստեղ է, իսկ ապրելակերպն այլ տեղում, հայրենիքն էլ բոլորովին այլ տեղ է դիտարկում, ապա նման հայի համար էական չէ, թե ինչ է կորցնում։ Այսինքն՝ երբ գիտակցեն պետության կարևորությունը, այն էլ՝ 21-րդ դարում, այդ դեպքում կհասկանան, որ անելիք ունեն։ Մեզ՝ այստեղ ապրողներիս համար էական է մեր պետության գոյությունը, որովհետև եթե մենք կորցնենք մեր հայրենիքը, ապա այլևս իրավունք չունենք որպես ազգ ապրելու։ Սա պետք է գիտակցենք այսօր, հետո ուշ է լինելու։ Պետք է համախմբվել և յուրաքանչյուր հարցի շուրջ պետք է միակամ ու միասնական լինել, անշուշտ, Աստծով և առաջնորդվելով միասնականության ոգով»,- եզրափակեց Արցախի թեմի առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս