Սասուն Խաչատրյանին հետաքրքիր չէ «Շկոդաների» մրցույթը. դա գլխավոր դատախազի հետ անձնական հարաբերություններ պարզել չէ, կարելի է կույր ձևանալ
Մարտի 4-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ ցանկանալով ճշտել՝ արդյո՞ք Կոմիտեի ուշադրության կենտրոնում հայտնվել է 2021թ. գարնանը պարեկային ծառայության Երևան քաղաքի կարիքների համար ավտոմեքենաների ձեռքբերման մրցույթը:
168.am-ը երկու հրապարակումներով անդրադարձել էր այդ մրցույթին, դրա պայմաններին, հաղթողին, խնդիրներ էր տեսել դրա օրինականության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2021թ. մայիսին մեր լրատվամիջոցն անդրադարձել էր պարեկային ծառայության կարիքների համար անհրաժեշտ «Շկոդա» ավտոմեքենաների տենդերի պատմությանը:
Պարեկային ծառայության համար անհրաժեշտ մեքենաների մրցույթին մասնակցել էր միայն մեկ ընկերություն՝ «Շկոդան», ում անունն ուղղակիորեն կապվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի հետ:
Ի սկզբանե, սակայն, «Շկոդան» միակ մասնակիցը չի եղել. նախապես մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել նաև «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները, որոնք էլ, ծանոթանալով մրցույթի պայմաններին, հրաժարվել են մասնակցությունից՝ համարելով առաջարկված պայմաններն անիրատեսական:
Փաստացի մրցույթի պայմաններից մեկը եղել է այն, որ հաղթող մակնիշի ավտոմեքենան պետք է կարողանա 10-12 վայրկյանում զարգացնել 100 կմժ արագություն, պիտի 100 կիլոմետրի համար ծախսի 5-10 լիտր բենզին:
Բացի դրանից, տենդերը հաղթողը մեքենայի վրա պետք է տեղադրեր մի շարք սարքավորումներ, որոնց մասին վերը նշել էինք: Իսկ դա հոսանքային տեսակետից բավականին ծախսատար է:
Ենթադրենք, մեքենայի հոսանքային հզորության հնարավորությունը 60 ամպեր է, սակայն մրցութային հանձնաժողովը, բացի այդ 60-ից, ցանկացել է ևս 100-ից ավելի ամպեր հզորություն: Եղանակն էլ են նշել. մեքենայի վրա տեղադրել փոխարկիչ, որը կապահովի 1500 վտ հզորության և 220 վոլտ լարման հոսանք:
Պահանջել են նաև X քանակի փարոսիկներ ու ճաղավանդակներ տեղադրել: Այդ պայմաններում մեքենայի շարժիչը չէր կարող դիմանալ:
Մեր տեղեկություններով՝ «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունները գրավոր դիմում էին հղել մրցութային հանձնաժողովին՝ նշելով, որ անհնար է այդ պայմաններին բավարարելը, և «Տոյոտա Քեմրի» և «Ռենո» մակնիշի ընկերությունները չեն մասնակցի մրցույթին:
Հրապարակել էինք նաև «Ռենո» ընկերության հղած ռուսերեն նամակը մրցութային հանձնաժողովին, որում ընկերությունը հստակ հիմնավորել է, թե ինչո՞ւ մրցութային պայմանները բավարարվել չեն կարող ապրիորի:
Մրցութային հանձնաժողովին որևէ կերպ չեն անհանգստացրել մասնակիցների՝ «Տոյոտա Երևան» և «Ռենո» ընկերությունների ներկայացրած օբյեկտիվ փաստարկները. պատասխանը եղել է մոտավորապես՝ «կանենք՝ կտեսնեք» տրամաբանության մեջ:
Դրանից հետո, սակայն, երբ երկու ընկերությունները վերջնականապես հրաժարվել են մասնակցել տենդերին, և մնացել է միայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին տնօրեն Արտյոմ Մովսիսյանի «Շկոդան», փոխվում են մրցույթի պայմանները, գումար է ավելացվում, որպեսզի «Շկոդան» խնդիրներ չունենա:
Նպատակը, ինչպես ասում են, իրագործվում է. կարևոր չէ, որ տեխնիկական պահանջներն անիրատեսական են, որ հետագայում այդ մեքենաները խնդիրներ կունենան, կարևորը՝ «Շկոդայի» հետ գործարքը կկնքվի:
Մասնավորապես, սկզբում պարտադիր պահանջ է եղել, որ մեքենաների մոնիտորները պարտադիր պետք է մուտքեր ունենան, սակայն հետո խմբագրվել է, և արդեն իսկ կնքված պայմանագրում մոնիտորի մուտքերի վերաբերյալ պահանջը բավարարում է:
Մեզ ասացին, որ սա հանգեցնելու է նրան, որ սարքավորումները չեն կարողանալու միացնել էկրանին, քանի որ ներկառուցված մոնիտորը, ըստ պայմանագրի, չունի մուտքեր, որոնցով դիսփլեյի վրա ցույց կտա թե ծրագրային, թե տեսախցիկի առջևի, և թե հետևի պատկերները:
Սա արդեն, ըստ էության, «Պետական գնումների մասին» օրենքի մի շարք հոդվածների խախտում է, պաշտոնական դիրքի չարաշահում, որովհետև երբ պայման է փոխվում, պետք է նոր տենդեր հայտարարվեր, և այդ մասին պետք է պարտադիր իրազեկվեին բոլոր մասնակիցները:
Ինչևէ, մրցույթում հաղթել է 1.4 շարժիչով «Շկոդան»: Այսինքն՝ հայտարարվում է մրցույթ անհնարին պայմաններով, մասնակցության հայտ են ներկայացնում մի քանի ընկերություններ, որոնցից երկուսը հիմնավորում են հայտարարված պայմաններին չբավարարելու իրենց փաստարկները, ապա հրաժարվում այդ պայմաններով մասնակցել մրցույթին, ինչից հետո փոխում են մրցույթի պայմանները, որ մասնակից միակ ընկերությունը հաղթի:
Ի դեպ, տենդերը հայտարարել էր ոստիկանության գնումների պատասխանատուն՝ Արսեն անունով, վերահսկողությունն իրականացնում է Պետական վերահսկողական ծառայության աշխատակից սևանցի իր քավորը:
Հետաքրքիր է, որ այդ մրցույթի օրինականությունը կասկածի տակ չի դնում ոչ միայն պարեկային ծառայության ներդրման առաջամարտիկ Դանիել Իոաննիսյանը, ով, օրինակ, կասկածի տակ է դնում նույն կարիքների համար «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման օրինականությունը, այլև մյուս ջատագովն ու համակարգողը՝ ներկայիս Մարդու իրավունքների պաշտպան, արդարադատության նախկին փոխնախարար, ծնունդով սևանցի Քրիստինե Գրիգորյանը:
Հետաքրքիր է՝ նա երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչու են փոխվում մրցույթի պայմանները, ո՞նց է լինում, որ մնում է մեկ մասնակից, ի՞նչ նամակներ են հղվում պատկան մարմիններին մրցույթի մյուս մասնակիցների կողմից, ինչո՞ւ են հրաժարվում բավականին շահեկան գործարքից, ինչո՞ւ հետագայում այդքան շուտ շարքից դուրս եկան «Շկոդաները», ինչո՞ւ ամեն ինչ արվեց, որ հաղթի «Շկոդան», և ո՞վ ի՞նչ ուներ այդ գործարքի մեջ:
Հենց այդ հարցերի պատասխաններն էինք ակնկալել ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես մեզ հետաքրքիր էր՝
1. Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում հայտնվել է այս գործարքը, մրցույթն ու դրա իրականացման պայմաններն առհասարակ, ինչո՞ւ են մասնավորապես փոխվել մրցույթի պայմանները, ինչպե՞ս է եղել, որ մնացել է մեկ մասնակից, ի՞նչ նամակներ են հղվել պատկան մարմիններին մրցույթի մյուս մասնակիցների կողմից, ինչո՞ւ են հրաժարվել բավականին շահեկան գործարքից, ինչո՞ւ հետագայում այդքան շուտ շարքից դուրս եկան «Շկոդաները», ինչո՞ւ ամեն ինչ արվեց, որ հաղթի «Շկոդան», և ո՞վ ի՞նչ շահ ուներ այդ գործարքի մեջ:
2. Ստուգվե՞լ է արդյոք արդարադատության նախկին փոխնախարար, Մարդու իրավունքների գործող պաշտպան Քրիստինե Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի առնչակցությունն այդ գործարքին:
3. Եթե ստուգվել են, ի՞նչ արդյունքներ կան այս թեմայի վերաբերյալ, իսկ եթե ոչ, արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն խնդիր չի տեսնում վերոգրյալի մեջ:
Բավականին «խոսուն» պատասխան էինք ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ուսումնասիրվել են նշված հրապարակումները, սակայն դրանցում եղած տվյալները բավարար չեն քրեական վարույթ սկսելու համար»,- պատասխանել էին Կոմիտեից:
Զարմանալիորեն գերարագ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրեց մեր հրապարակումներն ու դրանցում եղած տվյալները և եկավ այն եզրակացության, որ փաստորեն քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:
Հետաքրքիր է ստացվում. օրինակ, երբ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում մարզպետը 6 հոգով դաժան ծեծի էր ենթարկում ինքնակամ աշխատանքից ազատվելու դիմում չներկայացնելու համար, ՀՔԾ-ն բավականին երկար էր ուսումնասիրում տվյալները, չնայած, ի վերջո, միևնույն է, քրգործ էլի չհարուցվեց:
Բայց այս պարագայում շատ արագ ուսումնասիրեցին ու հասկացան՝ խնդիր չկա: Իսկ ի՞նչ են արել, ի՞նչ ուսումնասիրություններ են իրականացրել, խոսե՞լ են արդյոք մրցույթի մասնակիցների հետ, լսե՞լ են նրանց կարծիքը, իմացե՞լ են՝ ինչո՞ւ են դուրս եկել մրցույթից, հարցում արե՞լ են արդյոք ոստիկանություն, նրանց ասե՞լ են՝ իրենց աշխատանքի հետ ավտոմեքենաների ո՞ր տեխնիկական բնութագիրն է համատեղելի… Հարցերը կարելի է շարունակել:
Հասկանալի է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի համար մի կողմից՝ հետաքրքիր չէ այս թեման, մյուս կողմից էլ՝ նա կաշկանդված է պրոցես սկսել:
Հետաքրքիր չէ, որովհետև սա գլխավոր դատախազի հետ գզվռտոց ու դրան հնչեղություն հաղորդել չէ, ոչ էլ այդ թեման անձնական դաշտի տիրույթում առաջ տանելու հարց, որ Սասուն Խաչատրյանը շահագրգիռ լինի բացահայտել այդ մրցույթի առեղծվածը:
Իհարկե, նա նաև կարող է կաշկանդված լինել. իսկ եթե Նիկոլ Փաշինյանի սիրելիների հնչեղ անունները կապվեն գործարքի հետ, ինչպե՞ս է դուրս գալու այդ ամենից: