Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մոտ ժամանակներս պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն
Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։
Նա նշեց, որ այդ տեղեկությունները հիմնավոր չեն։
Հարցին՝ տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին ինչպե՞ս է գնահատում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը, ԱԱԾ փոխտնօրենը նշեց․ «Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ մոտ ժամանակներս պետք է պատերազմ սկսվի»։
Անդրադառնալով հարցին՝ կա՞ն բարձրաստիճան զինվորականներ՝ պետական դավաճանության մեղադրանքով անցնող զինվորականության շրջանում, Հարությունյանը նշեց․ «Նրանց մեջ կա գումարտակի հրամանատար և այլ անձիք՝ այդ օղակներից»։
Մեկնաբանելով Դավիթ Գալստյանին՝ 50 մլն գրավով ազատ արձակելու դատարանի որոշումը՝ Հարությունյանը նշեց, որ Գալստյանը, բացի գրավից, նաև փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը։ Նա նշեց, որ մնացածը դատարանը կորոշի։